«Վազգեն Սարգսյանն իր ծննդյան օրն ընկերների հետ Եռաբլուր էր գալիս»
«Այսօր դեռ Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը չէ»,- «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ Նրա կարծիքով, պետք է աշխատել, պայքարել, որպեսզի կարողանան հասնել Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանին։
Հարցին՝ արդյո՞ք այդ ճանապարհին ենք, նա ասաց. «Այս պահին դեռ վաղ է ասել, բայց ներկայիս իշխանությունների մոտ ձգտում կա հասնել այն Հայաստանին»։
Պատասխանելով «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման հետ կապված հարցին, Ա. Սարգայանն ասաց, որ յուրաքանչյուր հայի մոտ, ում մոտ դեռ կասկածներ կա, ուզում են փարատվեն դրանք. «Ցանկալի կլիներ, որ «Մարտի 1»-ը փակելով, վերջնական լուծում տալուց հետո, նաև անցնել «Հոկտեմբերի 27»-ին։ Կարծում եմ, որ կանցնեն»։
Խոսելով ոչ թե սպարապետ Վազգեն Սարգսյանի, այլ եղբայր Վազգեն Սարգսյանի մասին, Արմեն Սարգսյանն ասաց. «Ես հպարտ եմ, որ այդպիսի ավագ եղբայր եմ ունեցել։ Իդեալական եղբայր է եղել։ Պուճուր ժամանակ կարող է ինձ էլ, Արամին էլ գլխներիս կտացնելով անցել է։
Առհասարակ որպես քաղաքական գործիչ, մենք աշխատում էինք նրան չծանրաբեռնել մեր հարցադրումներով։ Հավերժ մեր համար մնաց մեր եղբայրը։ Իհարկե, պատերազմի տարիներին, ինձ համար էլ, Արամի համար էլ, եղել է մեր գլխավոր հրամանատարը։ Երբ առաջնագծում գալիս էր, զինվորների հետ կանգնած լսում էինք, զեկուցում»։
Նա պատմեց, որ Վազգեն Սարգսյանն առհասարակ չէր սիրում իր ծննդյան օրերը նշել. «Սովորաբար այս օրն արթնանում էր, առավոտյան մարզանքից հետո լավագույն ընկերների հետ գալիս էին Եռաբլուր, երկար մնում, յուրաքանչյուր զինվորի, մարտական ընկերոջ կողքով անցնելիս՝ ծաղիկներ դնում։ Հետո նստում էին, մի բաժակ խմում, այնուհետև գնում էր Երկրապահ։ Տղաների հետ նշում էր, երեկոյան ժամը 7-8-ին տուն գալիս, ծնողները սպասում էին։ Այսպես, բայց պաշտոնապես նշել չէր սիրում»։
Այսօր լրանում է Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը։ Օրվա կապակցությամբ նրա մարտական ընկերները, քաղաքական, հասարակական գործիչները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
- Նախագահը նաև լրագրողներին շնորհավորեց Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ
- Ծնունդդ շնորհավոր, Վազգեն. Արմեն Սարգսյանը սպարապետի հետ արխիվային լուսանկար է հրապարակել
- Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան