«Ձեր՝ ինձ դասավանդելը նույնքան խելամիտ է, որքան ես տախտակի վրա Այվազովսկու 9-րդ ալիքը նկարեմ»
Ազգային ժողովում այսօր, կարծես թե, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի «ջուրը մի առվով չի գնում»:
«Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին՝ ասելով, թե վերջինը հանձնաժողովի նիստին ուշացումով է եկել, չի լսել իր զեկույցը, որևէ բառ չի արտասանել, բառ չի ասել նախագծի մասին, բայց դրսում հարցազրույց է տվել ու ասել, թե այդ նախագծի իմաստը աշխատողներին տոտալ վերահսկողության տակ պահելն է։
Դրանից հետո Արեն Մկրչյանը նրան կոռեկտության կոչ արեց. «Պարոն Գևորգ Պետրոսյան, ես Ձեզ կոռեկտության կոչ եմ անում, այլապես մենք ստիպված կլինենք Ձեզ հետ կոռեկտության սեմինարներ անցկացնել և վերջում գրավոր, բանավոր քննություն ընդունել»։
Բնականաբար, այս հայտարարությունն անպատասխան չմնաց։ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե կարծում էր` իր վերջնական կրթությունը ստացել է, բայց երբ նիստերի դահլիճում չի եղել, իր բացակայության ժամանակ Արեն Մկրտչյանն իրեն դասեր տալու մասին է խոսել։
«Պարոն Մկրտչյան, Ձեր՝ ինձ դասավանդելու հնարավորությունը նույնքան խելամիտ է, ինչքան ես հիմա շուռ գամ, էս տախտակի վրա Այվազովսկու 9-րդ ալիքը նկարեմ»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։
Նա նաև ասաց, որ տղամարդուն ու առավել ևս պատգամավորին սազական չէ մարդու բացակայությամբ նրան հեգնելը։
«Խնդրում եմ կոռեկտությունը պահեք ու եթե Դուք որոշեք դասեր ստանալ, եթե հարմար կգտնեք, չեք զլանա, ապա կարող եք թակել «Բարգավաճ Հայաստան»-ի դռները»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ձեզ կոռեկտության կոչ եմ անում. Արեն Մկրտչյանը՝ Գևորգ Պետրոսյանին
- Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը. Գևորգ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան