Դոնալդ Տուսկ․ ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել
Այսօր Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Բանակցություններից հետո կողմերը լրատվամիջոցների առաջ հանդես եկան հայտարարություններով։
Տուսկը նշեց, որ հիանում է երկրին ժողովրդավարություն ու տնտեսական զարգացում բերելու վճռականությամբ, որից բոլորը կշահեն։
«Վստահ եմ, որ Դուք քայլեր եք անելու ժողովրդավարությունն ամրապնդելու և ժողովրդի համար բարեկեցություն բերելու ուղղությամբ, իսկ մենք այդ շրջանակներում Եվրոպական միության Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակներում կաջակցենք Ձեզ ու կօգնենք Հայաստանի ժողովրդին զգալ դրա ազդեցությունը»,-ասաց Տուսկը։
Տուսկը նշեց, որ այս համաձայնագիրը փաստորեն արդեն ուժի մեջ է մտել ու հայտնի է, որ ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր արտահանողն է։ Տուսկն ընդգծեց, որ ակնկալում են տեսնել վճռականություն՝ ներքին բարեփոխումների իրականացման հարցում և պատրաստ են տրամադրել տեխնիկական ու ֆինանսական աջակցություն։ Տուսկը ողջունեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի ու օրենքի գերիշխանություն սահմանելու հարցում վճռականությունը։
«Մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները։ Ինձ հույս է ներշնչում վերջին շրջանում բանակցային գործընթացն ու կողմերի միջև շփումները։ ԵՄ-ն շարունակում է հավատացած մնալ, որ այս ստատուս քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել հարցին՝ միջազգային օրենքի տառին համապատասխան։ Պետք է հասկանալ, որ ժողովուրդների միջև խաղաղությունն ամեն ինչից վեր է»,-ասաց Դոնալդ Տուսկը։
Տուսկը նաև շնորհակալություն հայտնեց արժեքավոր ներդրման համար, որ Հայաստանն ունի Արևելյան գործընկերության գործընթացում, նշեց, որ ծրագիրը առաջընթաց է արձանագրել, որը շարունակվելու է։
Վերջում Տուսկը մեջբերեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այսօր հնչեցրած խոսքերը․«Թույլ մի տվեք հակաեվրոպական ուժերին ազդելու մեր ընտրությունների վրա ու որոշելու ԵՄ-ի առանցքային առաջնահերթություններն ու ղեկավարությանը։ Բոլոր նրանք, ովքեր մտահոգված են ԵՄ-ով, պետք է համագործակցեն Եվրոպական խորհրդարանի ընտրությունների ժամանակ ու դրանից հետո։ Եվրոպայի վերածնունդը պետք է սկսվի հիմա»։
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենալու մայիսին։
Հարակից հրապարակումներ`
- Ստատուս քվոն փոխելու նախադրյալներ և պատճառներ այս պահին չեն երևում. Շահան Գանտահարյան
- Այս էտապում որևէ մեկը հետաքրքրված չէ ստատուս քվոյի փոփոխությամբ. վերլուծաբան
- «Ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում անկենսունակ է». ԵՄ խոսնակ
- ԼՂՀ-ում ստատուս քվոն չի կարող շարունակվել. ԵԽ պատգամավոր
- Ջեյմս Ուորլիք. ԼՂ հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումը խաղաղության գրավական չէ
- Ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը կողմ չեն «ստատուս քվոյին». Էդվարդ Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին