Կարինե Խոդիկյան. Վազգեն Սարգսյանը կարոտում էր «Գարունը», գրականությունը
«Իր ճակատագիրը, իր ճանապարհն ինքն ընտրեց, բայց իսկապես կարոտում էր մեր «Գարունը», գրականությունը։ Այդ ժամանակ համարում էի, որ ի վերջո գրող լինելն էր իրեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարիեն Խոդիկյանը՝ խոսելով Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի մասին, ով նաև գրական գործունեությամբ է զբաղվել։
Նա հիշեց, երբ մի անգամ 1998 թվականին հարցրել է, թե ի վերջո ե՞րբ է կրկին որևէ բան գրելու, նա պատասխանել է. «Այնքան բանի միջով եմ անցել, այնքան արյան, ճակատագրերի միջոցով եմ անցել, ես ինչքան պիտի մաքրվեմ, որ նստեմ ճերմակ թղթի առաջ»։
«Դրանից հետ հասկացա, որ իրավունք չունեմ այդ հարցը տալ։ Չնայած տեղը որ գալիս էր, ասում էր՝ հեսա գործս պրծնեմ, նենց բան գրեմ, որ սաղդ մի կողմ կքաշվեք։ Ցավոք սրտի...»,- ասաց Կ. Խոդիկյանը։
Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով, Վազգեն Սարգսյանը մուտք գործեց գրական շրջանակ՝ որպես շնորհալի երիտասարդ արձակագիր։
«Հենց առաջին պատմվածքները տպագրելով, երևաց, որ իսկապես բնատուր տաղանդ ունեցող արձակագիր է, իր ինքնուրույն ձեռագիրն ուներ»,- նշեց նա։
Նշենք, որ Սարգսյանն առաջին վեպը գրել է 1980 թվականին, 1985 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ: 1986-1989 թվականներին գլխավորել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: 1986 թվականին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Հացի փորձություն» և արժանացել ՀԼԿԵՄ ամենամյա մրցանակին: Գեղարվեստական ստեղծագործություններից բացի, նա մեծ թվով հրապարակախոսական հոդվածներ է գրել մամուլում։ Վ. Սարգսյանին գրական կարիերան ընդհատվել է 1980-ական թվականների վերջին։
Այսօր լրանում է Վազգեն Սարգսյանի 60-ամյակը։ Վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վեց պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ինխորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին:
Հարակից հրապարակումներ`
- «Վազգեն Սարգսյանն իր ծննդյան օրն ընկերների հետ Եռաբլուր էր գալիս»
- Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
- Նախագահը նաև լրագրողներին շնորհավորեց Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ
- Ծնունդդ շնորհավոր, Վազգեն. Արմեն Սարգսյանը սպարապետի հետ արխիվային լուսանկար է հրապարակել
- Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան