Հայկ Բաբուխանյանը դատի է տալու Սորոսին
Այսօր իր ասուլիսում Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լարիսա Միանասյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ կան գործիչներ, ովքեր ֆինանսավորվել կամ օգտվել են Սորոսի հիմնադրամից, տվել է Աժ մի քանի գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի անունը` անվանելով վերջինիս «սորոսական»: Այդ հայտարարության կապակցությամբ իր մեկնաբանության մեջ Հայկ Բաբուխանյանը, պատասխանելով Iravunk.com-ին, ասել է.
-Ես բազմիցս նշել եմ, որ Սորոսի հիմնադրամը պետականաքանդ, հակաազգային, հակահայկական կազմակերպություն է և այն պետք է փակել: Նշել եմ դա տարբեր ամբիոններից և այդ թվում` Ազգային ժողովի ամբիոնից: Եվ զարմանալի չէ, որ Սորոսը , և Հայաստանում նրանից կերակրվող և իր շահերը ներկայացնող ներկայացուցչության ղեկավարը հերթական հարձակումն են գործում իմ դեմ, օգտվելով իրենց համար բնորոշ մեթոդներից, այն է` բացահայտ սուտը: Հավանաբար, այդ տիկինը որոշել է կիրառել ֆաշիստական Գերմանիայի քարոզչության գաղափարախոս Գեբելսի խորհուրդը, այն է` ինչքան սուտը ավելի մեծ է և անհավանական, այդքան դրան կհավատան մարդիկ: Սակայն պետք է տխրեցնեմ սորոսական պարագլուխ տիկնոջը, հիշեցնելով, որ արդյունքում Գեբելսը և նրա գաղափարակիցները հայտնվեցին միջազգային տրիբունալի առաջ: Կգա ժամանակը ,և նման մի միջազգային տրիբունալի առաջ կհայտնվեն Սորոսը և նրա սպասարկողները: Եվ քանի դեռ ուշ չէ, առաջարկում եմ Հայաստանի սորոսական կազմակերպիչներին հանդես գալ մեղայականով, ներողություն խնդրել հայ ժողովրդից իրենց արածների համար, իսկ տիկնոջը ներողություն խնդրել ինձանից` իր հռչակած մեծ և անհավանական զրպարտության համար: Հայտարարում եմ, որ ես երբեք չեմ ֆինանսվորվել կամ օգտվել Սորոսի հիմնադրամից: Այդ կեղտոտ փողերի հետ երբեք գործ չեմ ունեցել:
« Պետք է հիշեցնեմ մի պատմություն, որը կապված է ԵՄ-ի գրասենյակի հետ, որտեղ ձևավորվել էր մեծ կոռուպցիոն համակարգ, ինչքան էլ զավեշտալի հնչի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում և այդ գրասենյակի մի շարք աշխատակիցներ պարզապես թալանել էին հսկայական դրամաշնորհային գումարներ, որի հետեւանքով բացվեցին բազմաթիվ քրեական գործեր: Չգիտեմ` գուցե սա այն դեպքն է, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում իմ անվան տակ դուրս են գրվել ինչ-ինչ դրամաշնորհներ, որոնց հետագա ընթացքը ինձ համար անհայտ է, բայց, հավանաբար, հայտնի է դուրս գրողների համար: Կրկնում եմ, ես երբեք այդ հակաազգային կազմակերպությունից որեւէ դրամաշնորհ չեմ ստացել, իսկ այդ տիկնոջ հայտարարությունը արդեն իսկ ուսումնասիրվում է իմ փաստաբանների կողմից` որպես վրավորանք ու զրպարտություն»,-ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։