Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորում է չկրկնել նախորդների սխալները
ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելու մասին նախագիծը լիագումար նիստի օրակարգ մտցնելու մասին որոշումը:
ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն օրակարգ մտցնելուն կողմ քվեարկեց 35 պատգամավոր, դեմ` 61, ձեռնպահ` 4 պատգամավոր:
Նշենք, որ նույնօրինակ նախագիծ ներկայացրել էր նաև «Բարգաված Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, սակայն կառավարությունը դրան ևս բացասական եզրակացություն էր տվել։
Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ներկայացված փոփոխություններով առաջարկվում էր Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում փոփոխություն կատարել, որի համաձայն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ եղել է նախնական կալանքի պահպանման վայրերում և տեսել է, թե ինչպիսի խոշտանգումների են ենթարկվել մարդիկ, 7 հոգանոց խցերում քնում է 23-24 կալանավոր։
«Եվրոպայի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն քանիցս արձանագրել է, որ նախնական կալանքի պահպանման վայրերն ուղղակի աղետ են Հայաստանում։ Շատ ցավում եմ, որ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն առաջնորդվելով կառավարության տված բացասական եզրակացությամբ՝ կրկնեց կառավարության նույն քայլը։ Եթե այս վատ ավանդույթները, ինչի դեմ պայքարել ենք տարիներ շարունակ, երբ նախկին կառավարություններն ինչ եզրակացություն տալիս էին և խորհրդարանական մեծամասնությունը նույնպիսի էնտուզիազմով վավերացնում էր այդ եզրակացությունը, պիտի շարունակվի, ապա ուզում եմ հասկանալ՝ ինչն է փոխվել մեր քաղաքական մշակույթում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա հիշեցրեց, որ արդեն երկու-երեք նախագիծ, որը ներկայացրել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, կառավարության կողմից ստացել է բացասական եզրակացություն, բնականաբար, գլխադասային հաձնաժողովները ևս դրանց տվել են բացասական եզրակացություն։
«Ես պնդում եմ, որ ներկայացված նախագիծը մարդասիրական քայլ էր, այն կարող էր քաշել նախկինում եղած կարմիր գիծը, և մենք կարող էինք իսկապես սկսել նոր էջից։ Հորդորում եմ խորհրդարանական մեծամասնությանը՝ մի կրկնեք այն սխալները, որը արվել է նախորդ կառավարության և նախորդ խորհրդարանական մեծամասնության կողմից։ Պարոն Արարատ Միրզոյան, դուք ինքներդ բազմիցս այս ամբիոնից ասել եք՝ տվեք հնարավորություն, որ նախագիծը քննարկվի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նաև նշեց՝ եթե վստահ լինեին, որ այս խորհրդարանի ներկա մեծամասնությունը նախորդի արտապատճենն է, ապա բացարձակ իմաստ չունի որևէ հարց քննարկել, քանի որ վերջնահաշիվն արդեն կանխորոշված էր լինելու։
Ուստի, ըստ նրա, նախագծեր են առաջարկում ու քննարկման ներկայացնում, բայց մեծամասնությունը պետք է այնպես անի, որ այդ նախագծերը հասնեն ԱԺ լիագումար նիստին ու քննարկվեն պատգամավորների կողմից։
«Մենք չենք կարծում, որ դուք նախորդի արտապատճեն եք, այլապես չէինք առաջարկի, որովհետև գիտեինք, որ նախորդը մի ամբողջական մեծ կնոպկա է, որը քվեարկում է այնպես, ինչպես թելադրում է կառավարությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նաև համաձայնեց, որ կա նախագծի շտկման կարիք, սակայն հրաժարվել է հանել այն, որ այդ շտկումները կատարվեն խորհրդարանում քննարկումների արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը. Գևորգ Պետրոսյան
- Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ շուտով ԱԺ-ն կունենա հագեցած օրակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան