Բանակից խուսափածներին վերջին հնարավորությունը տրվեց
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Առաջարկվում է երկարաձգել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետը:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ նախագիծը միտված է հնարավորություն տալ այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է, և նրանք այլևս զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք, ազատվելով քրեական հետապնդումից` վճարել օրենքով սահմանված գումարը:
Ըստ նրա՝ ամեն բաց թողնված զորակոչի համար պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով:
«Նախկին կարգավորմամբ այս ժամանակահատվածը սահմանված էր մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած քաղաքացիների համար: Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչ 2019-ի մարտի 1-ը»,-ասաց Գորգիսյանը:
Պատգամավորները համաձայնեցին, որ սա լավ լուծում չէ, բայց որոշեցին կողմ քվեարկել, մինչև համապարփակ լուծում մշակվի։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն ասաց, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից բախվել է այդ խնդրին, բոլոր համայնքներ այցելության ժամանակ, բացառությամբ Մերձավոր Արևելքի, նման հարցադրում եղել է։
Նշվում է, որ այս պահի դրությամբ ծառայությունից խուսափելու համար հետախուզվում է մինչև 35 տարեկան տարբեր տարիքի 11 հազար մարդ։
«Դա չափազանց մեծ թիվ է։ Այս երիտասարդները, չեմ զլանա ասել, պետության համար չափազանց մեծ ռեսուրս են: Ըստ էության՝ գործող օրենսդրությունը միայն երկու տարբերակ է տալիս՝ կամ ծառայել մինչև 27 տարին լրանալը, կամ առավելագույնը մինչև 3,6 մլն դրամ վճարելու դեպքում ազատվել քրեական հետապնդումից: Իսկ 27-ը լրացածների համար ևս երկու տարբերակ է՝ կամ զորակոչվել, կամ դատվել: Սրանք միայն այն երիտասարդները չեն, որ խուսափել են զինծառայությունից, այլև մարդիկ են, որոնք 2-3 տարեկանում իրենց ընտանիքի կայացրած որոշման հետևանքով կամ արդյունքում հայտնվել են օտարության մեջ և այսօր գտնվում են քրեական հետապնդման մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ պետությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումն այս հարցում, թե քաղաքական ինչպիսի տեսակետ ունի:
Նախագիծն ընդունվեց 101 կողմ ձայնով։