Մահացել է հայագետ Կիմ Բակշին
Մոսկվայում 88 տարեկանում մահացել է ազգությամբ բաշկիր ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, հայագետ, Հայաստանի մասին գրքերի հեղինակ Կիմ Բակշինը։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
«Կիմ Բակշին իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի մշակույթի և արվեստի ուսումնասիրմանը»,- նշված է հաղորդագրությունում։
Բակշին ծնվել է 1931 թվականի մարտի 1-ին Մոսկվայում: Կիմ Բակշին գրական գործունեությունը սկսել է 1957-ին։ Հայ ժողովրդի բարեկամ, ականավոր լրագրող և հասարակական գործիչ Կիմ Բակշին իր մասնագիտական գործունեության 40 և ավելի տարիները նվիրել է Հայաստանին և հայ ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրմանը: Նա իր նվիրվածությունը Հայաստանի հանդեպ արտահայտել է «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը» ստեղծագործություններով և բազմաթիվ այլ գրքերով ու հրապարակումներով: Նա ռեժիսոր Հ.Հախվերդյանի հետ համահեղինակությամբ գրել է «Մատենադարան» ֆիլմաշարի սցենարը։ Կիմ Բակշին նաև «Արցախի հոգևոր գաձերը» գրքի հեղինակն է։
Նա եղել է Արցախում, 2016 թվականին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի մշակութային ժառանգության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար և ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ գրող, հայագետ Կիմ Բակշին պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
Հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Կիմ Բակշին արժանացել է Պատվո շքանշանի։ Նա Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիր է, արժանացել է Հայաստանի Գրողների միության Հովհաննես Թումանյանի, «Հայ ժողովրդի բարեկամ» և այլ մրցանակների։
Հարակից հրապարակումներ`
- Հայագետ Կիմ Բակշին 88 տարեկան է
- Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գրքի հայերեն տարբերակը տարածման խնդիր ունի. Սուրեն Սարգսյան
- Նախագահը շնորհավորել է Կիմ Բակշիին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ
- Հայագետ Կիմ Բակշին պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
- Գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշին Արցախում է
- Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կիմ Բակշիին