Գյուղական փոքր դպրոցները կրթամշակութային կենտրոնների պետք է վերածել. նախարար
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հարց բարձրացրեց փոքր գյուղական, հատկապես սահմանամերձ հանրակրթական դպրոցների խնդիրների մասին։
«Աշակերտների թվի խիստ սահմանափակ լինելու պատճառով նորմալ դասարաններ չեն ձևավորվում, լինում են դեպքեր, երբ դպրոցում այս կամ այն դասարանը չկա, իսկ եղածները մեկ-երկու կամ ամենաշատը հինգ աշխակերտից են կազմված։ Այսպիսի դպրոցներում մեղմ ասած բացակայում է նորմալ ուսումնառության գործընթաց։ Ուսուցիչների ծանրաբեռնվածությունը քիչ է, ըստ այդմ էլ քիչ գումար են ստանում և մի քանի այլ առարկաներ են դասավանդում, մրցակցություն չկա, մասնագետ ուսուցիչներ չեն գալիս այս դպրոցները: Հսկայական միջոցներ են ծախսվում զրոյական արդյունքի համար»,- ասաց պատգամավորը։
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր պատասխանում նշեց, որ սա հանրակրթական ոլորտի ամենաբարդ հարցերից մեկն է, որին մի քանի լուծումներ պետք է տալ. «Միասնական լուծում դժվար թե այստեղ ունենանք։ Նախկինում մի սանրով սանրելը և համատարած օպտիմալացնելը մեզ համար ընդունելի չէ։ Մի քանի մոդելներ ենք մշակել, որոնցից մեկը դպրոցները գյուղերում կրթամշակութային կենտրոնների վերածելն է, որտեղ մեկ հարկի տակ կլինի դպրոց, նախակրթարան, մանկապարտեզ և մշակութային կենտրոն, որն իր հերթին կրթական ծառայություններ կմատուցի ոչ միայն աշակերտներին, այլև մեծահասականերին, հետևաբար այս առումով ուսուցիչների զբաղվածությունը կբարձրանա։ Թաքցնելու բան չկա, մեր բնակչության կրթական ցենզն ընդհանուր առմամբ շատ է ընկել և այս կենտրոնները պետք է նաև նպաստեն համայնքային կյանքին։ Առհասարակ, սա մի բարդ թեմա է, որի մասին կառաջարկեի նաև ազգային ժողովում լսումներ կազմակերպել»։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարբերակներից է նաև այն, որ հարևանությամբ գտնվող գյուղերի դպրոցների հետ միասին լիարժեք դասեր կազմակերպեն. «Առաջարկելու ենք, որ 5-րդ դասարանը համալրեն հարևան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներով, և հակառակը՝ այնտեղի 6-րդ դասարանը համալրեն այս դպրոցով, և լիարժեք դասարան լինեն: Բայց այստեղ պետք է աշխատենք համայնքների ու մարզպետարանների հետ, որ տրանսպորտի հարցը լուծենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին