Կարեն Բեքարյան. Աննրբանկատ կեցվա՞ծք, թե՞ հարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն անդրադարձել է Բելգիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հարց ու պատասխանին՝ ներկայացնելով փոքրիկ դրվագ։
«ՀՀ վարչապետ - «… հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է»:
Հան - «… կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք»:
Ի՞նչ է ստացվում.
1. Իրոք չենք հասկանու՞մ նոր ձևաչափ ստեղծելու և եղած ձևաչափը լիարժեք դարձնելու տարբերությունը:
2. Իսկ հնարավո՞ր է տարբերակ՝ հասկանում ենք տարբերությունը, բայց անգլերեն արտահայտվելուց կորցնում ենք իմաստը: Էս դեպքում հարց՝ ինչու՞ անգլերեն:
3. Հանի պատասխանից ստացվում էր, որ ինքը չհասկացավ մի՞տքը (իհարկե, հարց է՝ հատկապես ո՞ր միտքը), դե՞մ էր մտքին, թե՞ դեմ էր այդ թվացյալ նոր իդեայի այս ձևաչափով հանրայնացմանը: Իսկ միգուցե ակնկալում էր, որ մինչև հանրայնացումը պիտի կոնսուլտացիանե՞ր արվեին, եթե, իհարկե, չեն արվել:
Հ.Գ. Իսկ տպավորություն էր, որ «խոսելու եմ նրանց անունից, ով ինձ մանդատ տվել է խոսելու, իսկ ով չի տվել՝ չեմ խոսի» բանաձևը (նույն ինքը՝ «չենք կարող բանակցել Ղարաբաղի անունից» բանաձևը) ամենաընկալելին պիտի լիներ հենց եվրոպական կողմի համար»,-գրել է Բեքարյանը։
Տեսանյութում այդ հատվածը 14-րդ րոպեի 30-րդ վայրկյանից է։