Փոխվարչապետը հաստատում է՝ կապիտալ ծախսերի ծավալը նվազել է
Կապիտալ ծախսերի ծավալը նվազել է, և դա պայմանավորված է տարբեր ծրագրերի տարիներ շարունակ ունեցած խնդիրների հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
Պատգամավորը նշեց, որ 2018 թվականին պետական բյուջեի կապիտալ ծախսերը 2017 թ-ի նկատմամբ մոտ 85 մլրդ դրամով նվազել է, բյուջեի կատարողականն էլ նախատեսվածից թերակատարվել է 21 մլրդ դրամով։ «Ակնհայտորեն կապիտալ ծախսերը տնտեսական ակտիվության պայմաններից են, և այս տենդենցը նկատելի է նաև այս տարվա հունվարի համար: Ո՞րն է պատճառը և ի՞նչ միջոցներ եք ձեռնարկվում այդ պատճառերը վերացնելու ուղղությամբ»,- հարցրեց Մանե Թանդիլյանը։
Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե խոսում են միայն բյուջեում նախատեսված ծրագրերի մասին, ապա ընդհանուր կապիտալ ծախսային մասում դրանք ընդամենը մի հատվածն են: Ըստ նրա՝ դրանց գումարվում են նաև վարկային ծրագրերը, որոնք նախատեսված չեն:
«Օրինակ՝ Հյուսիս-Հարավի Տրանշ 2-ի և 3-ի մասով կան բնական պատճառներ, որոնք բերել են մի իրավիճակի, որ գործընթացները դանդաղել են: Այնուամենայնիվ, բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի մասով այս պահի դրությամբ կատարվում է գույքագրում, որոնց արդյունքում փորձում ենք հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ ունենք, որ ծրագրերը պետք է շարունակել, որ ծրագրերը պետք է դադարեցնել և վերաբաշխել այլ ծրագրերի համար»,- ընդգծեց փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ գույքագրման գործընթացը տեղի է ունենալու ևս մեկ-երկու ամիս: Արդյունքում, ըստ նրա, կհասկանան այդ ծախսերի արդյունավետության աստիճանը:
«Կուզենայի նաև հստակ նշել՝ մենք ձգտում ենք, որ կապիտալ ծախսային ծրագրերն ավելանան, որտեղ հնարավոր է թափ տալ: Այնուամենայնիվ կարևորում ենք կատարվող ծախսերի արդյունավետությունը, մասնավորապես, ծախսերի վերջնարդյունքն ու որակը»,-ընդգծեց Տիգրան Ավինյանը։