«Փաստ». Սամվել Բաբայանի անձի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում, ինչպես հայտնի է, ուժերի վերադասավորման ու դիրքավորման գործընթացներ են սկսվել 2020թ. ընտրություններին ընդառաջ: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար, Սամվել Բաբայանի՝ ԱՀ նախագահի պաշտոնում առաջադրման ցանկությունը որոշակի խառնաշփոթ է ստեղծել Արցախի ընդդիմադիր ուժերի դաշտում, քանի որ Բաբայանի անձի հանդեպ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ:
Օրինակ, Հադրութի շրջանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Վահան Բադասյանը նույնիսկ հայտարարել է, որ Բաբայանին ընդդիմություն չի համարում՝ ակնարկելով իշխանության հետ որոշակի հարաբերությունների միտումների մասին: Իր հարցազրույցներում նա վերջերս հիշեցրել է, որ ժամանակին իրենք 7-8 տարի պայքարել են «Սամվել Բաբայանի դիկտատուրայի դեմ»:
Թերթի տեղեկություններով, «Սասնա ծռեր» կուսակցության որոշ համախոհներ ևս իրենց հերթին, դեռևս ոչ պաշտոնապես, տարբեր զրույցներում էական վերապահումներ են արտահայտում 90-ականներին Սամվել Բաբայանի վարքի ու գործունեության առումով:
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ վերջերս Սամվել Բաբայանն ինքն էլ էր հայտարարել, որ չի շփվում Ժիրայր Սեֆիլյանի հետ, որովհետև Արցախի հարցում մոտեցումների հակասություն ունեն: Արցախի մեր աղբյուրները նշում են, որ առաջիկայում հայտարարություններ կանեն նաև այլ գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում