Փաշինյանին դժվար է վստահել
Կենտրոն քրեակատարողական հիմնարկում բանտարկված Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ «168 ժամ» օրաթերթի հարցազրույցը անմիջապես բուռն ու տարատեսակ արձագանքներ առաջացրեց մամուլի էջերում։ Առաջիկա օրերի քննարկումների ու վերլուծությունների գլխավոր թեման դառնալու փաստն ինքնին ապացուցում է, որ ապօրինաբար կալանավորված պետական ու քաղաքական գործիչը թավշյա իշխանափոխությունից հետո ձևավորվող ընդդիմադիր քաղաքական դաշտի անվիճարկելի առաջնորդն է։
Բացահայտ է, որ սահմանադրական անձեռնմխելիությամբ օժտված քաղաքական մրցակցին անձնական հրահանգով մեկուսացնելու միջոցով` գործող վարչապետը փորձում է էապես սահմանափակել քաղաքական ու կազմակերպական գործունեությունն առավել արդյունավետ ծավալելու նրա հնարավորությունները։ Ակնառու է նաև, որ ամիսներ շարունակ շիծու մեղադրանքով կալանված լինելու փաստը որոշակիրեն չի անդրադառնում Ռոբերտ Քոչարյանի իրազեկվածության, մեր երկրում և աշխարհում կատարվող իրադարձություններին տեղեկանալու, Արցախի ու Հայաստանի համար կարևոր զարգացումներին արձագանքելու, դեռ հուլիս-օգոստոսին նախանշած քաղաքական հիմնախնդիրները հետևողականորեն լուծելու վճռականության վրա։
Արցախն ու Հայաստանը և՛ որպես վարչապետ և՛ որպես նախագահ ղեկավարած միակ քաղաքական գործչի համար, բնականաբար, հարցերի հարցը հայրենի Արցախի ճակատագիրն է և անմիջականորեն այս հիմնահարցի լուծմամբ պայմանավորվող Հայոց պետականության զարգացման հեռանկարը։ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում հենց այս գիտակցության ու հեռատեսության բացակայությունն է շեշտել Փաշինյանի ու նրա թավշյա վարչակարգի գործողություններում։ Նախագահն ընգծել է, որ սեփական դիրքորոշում չունեցող գործող վարչապետը ռազմատենչ հարևանի հետ բանակցություններ է վարում ծածուկ և համառորեն փորձում է այս անհերքելի իրողությունը ժողովրդից քողարկել դեկլարատիվ, պոպուլիստական, սին խոսքերով։
Արցախի հերոսն ու ռազմական առաջնորդը հստակ մտավախություն է հայտնել, որ դիվանագիտական աշխատանքին անհաղորդ, բանկացային սկզբունքներին անտեղյակ, բանակցելուն անպատրաստ, պատերազմական ու ռազմական իրողությունները չպատկերացնող, անփորձ ու անհետողական վարչապետը ո՛չ միայն արդեն վատնել է վերջին 25 տարիների ձեռքբերումները, այլ նաև մատնել է իր պարտվողական մտածողությունը և զիջումների գնալու սպասում է առաջացրել և՛ Մինսկի խմբի եռանախագահության, և՛ իր քաղաքակիրթ ընկերոջ` Իլհամի մոտ։ Մինչդեռ, այս արկածախնդրությունը կարող է անշրջելի կործանման հասցնել հայոց երկու պետականությունները։
Չհերքելով հարցաշարում առկա «Ձեր կալանավորումն ինչ-որ կերպ կապվա՞ծ է ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման հետ։ Քանի դեռ Դուք բանտում եք՝ իշխանությունները գործարքի են գնալու» տեսակետը, Ռոբերտ Քոչարյանն ուղղակի ընդգծել է. «Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից»։ Միաժամանակ նա շեշտել է իր համոզվածությունը, որ շատ ու շատ են քաղաքացիները, որոնց մտածողության մեջ Արցախը հայոց ինքնության մասն է, ապա և հաստատագրել է. «դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ»։
Ակներև է, որ Փաշինյանի ցանկացած քայլին ու խոսքին անդրադառնալիս` այլևս անխուսափելիորեն առաջանում է նույն հարցը. կարելի՞ է վստահել նրան։ Բացահայտ է, որ իր գործունեությամբ թավշյա վարչապետը (բացառվում է, որ` ակամա) միայն սրում է առկա հակասությունները, ավելի է խճճում իրողությունները, քաոս է առաջացնում ամենուր։ Արդարև. անհնարին է վստահել Արցախյան ազատամարտին առնչություն չունեցած, ռազմական հաղթանակների ու ազատագրված տարածքների նշանակությունն անտեսող կամ ստորադասող, զինվորական ծառայությունից խոսափած, Արցախի հերոսների ու մարտական գեներալների նկատմամբ քաղաքական հաշվեհարդար սանձազերծած, դեսպանատնային ծրագրով պատերազմող երկրի ղեկավար դարձածին։
Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանին այլևս չի վստահում անգամ նրա նոր ու քաղաքակիրթ ընկերը` Իլհամը։ Նա ԵԱՀԿ գործող նախագահողին սեպարատ բողոքել է, թե Փաշինյանը «առարկայական ու սուբստանտիվ բանակցությունների» ցանկություն չունի և ամեն կերպ խոչընդոտում է Արցախի հակամարտության կարգավորմանը։ Իլհամը նույնիսկ մատնել է Փաշինյանի խոստումը` «հայկական զորքերը դուրս բերել ադրբեջանական գրավյալ տարածքներից» և հորդորել, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի նրա վրա։ Մինչդեռ ԵԽ նախագահ Տուսկը Բրյուսել մեկնած Փաշինյանին ավանսով իր հիացմունքն է հայտնել` արդեն հաստատած բռնապետությունը և ձեռնարկած քաղաքական հաշվեհարդարները ժողովրդավարությամբ փոխարինելու և անվերապահորեն արևմուտքի ծրագրով տնտեսական հեղափոխություն իրագործելու մշուշոտ մտադրության համար։
Միթե, կարելի է վստահել իր գլխահակ համաձայնությամբ ու անշեղ պատրաստականությամբ արևմուտքի հիացմունքն առաջացնող վարչապետին, ում Բրյուսելում ուղղակի զգուշացնում են, որ իրենց հիացմունքը մեկեն կվերանա, եթե Իլհամին տված խոստումը չկատարի ու պահպանի առկա ստատուս քվոն Արցախում, նաև եթե չմիանա հակաեվրոպական ուժերի դեմ պայքարին։ Դժվար է վստահել երկրի ղեկավարին, ով իր քաղաքացիներին տնտեսական դրախտ ու երջանկություն է խոստանում, իսկ Տուսկից խնդրում է` հնարավորինս արագացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, որ ՀՀ քաղաքացիներն արագ համալրեն եվրոպական գործազուրկների ու թափառականների շարքերը և իրեն ազատեն տված խոստումները կատարելու անիրագործելի պարտավորությունից։
Սիմոն Գյուրջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու