Մանկապարտեզում, որտեղ երեխայի սրտի կանգ է գրանցվել, աշխատում են քննիչները
Արաբկիր վարչական շրջանում գտնվող մանկապարտեզում, որտեղ երեք տարեկան երեխայի սրտի կանգն էր գրանցվել, այս պահին էլ քննիչներ են աշխատում, դեպքի վայրի զննություն է կատարվում։
Հիշեցնենք, որ մանկապարտեզից Արաբկիր ԲԿ տեղափոխված երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել։
Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում երեք ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մարտի 4-ին՝ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք սրտի կանգնով տեղափոխվել է Երևան քաղաքի 2015 թվականին ծնված բնակիչ: Նախնական տվյալներով՝ նույնը օրը, 3-ամյա երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, մի քանի րոպե անց սկսել է խռխռալ։ Երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել:
Դեպքի առթիվ մարտի 5-ին Դատախազությունում հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով, որը նույն օրը վարույթ է ընդունվել Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նշենք, որ քրեական օրենսգրքի 279 հոդվածը վերաբերում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելուն։
Օրենքի վերոհիշյալ հոդվածները սահմանում են.
«279 հոդված. 2-րդ մաս Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին աշխատանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը
1-ին կետ. կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ
2-րդ կետ. անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։
Թե ինչ ապրանքի կամ ծառայության մասին է խոսքը, իրավապահ մարմիններն առայժմ չեն մեկնաբանում։