Զանգվածների գիտակցության այլասերումը. քաղաքագետ
«Որքանով հանրության ընդհանրական գիտակցությունը պարզունակ է, մշակույթը՝ մակերեսային,չափորոշիչները մշուշոտ, այնքանով նրան կարելի է կառավարել ինֆորմացիոն ֆեյքերով, անիմաստ քննարկումներով, չհիմանորված խոստումներով։
Դեգրադացված գիտակցությունը որոնում է մի որևէ հենման կետ, որևէ փրկչի կերպար և որքանով փրկիչն էքսցենտրիկ ու հիստերիկ լինի, այնքանով նա համոզիչ ու տպավորիչ է զանգվածի համար և այդքանով պարզունակ դատողությունները դառնում են խորիմաստ ու հեռանկարային։
Բարդ մտքերը, երկարատև լուծումները, աշխատանք պահանջող գործունեությունը նման զանգվածի համար անընդունելի է։ Փրկության բանաձևերը պետք է լինեն պարզ ու տեղավորվեն կարճ կարգախոսներ մեջ և ամենակարևորը՝ լինեն հասանելի ցանկացած շահառուի համար։ Փրկիչն ամենակարող է, որի տապալումից ու հոշոտվելուց հետո նոր փրկչի որոնումները՝ կանխատեսելի։
Դեգրադացված զանգվածի համար չհիմնավորված սպասումներին չհավատացողը դառնում է թշնամի, չուզող, իսկ չհիմնավորված սպասումների տապալումներից հետո որոնում է մեղավորին։
Մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնող զանգվածը պատրաստ չէ քննարկումների,փաստարկների ու հակափաստարկների։
Մի խոսքով ելքերն ու մուտքերը խառնվել են իրար, մնում է տեղում դոփել ու սպասել հանգուցալուծմանը, որից հետո պատրաստվել սերիալի հաջորդ սեզոնին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։