Քաղաքագետ. Կառավարությունը մատնված է անգործության
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանի համոզմամբ, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում խորհրդարանը փաստացի չի աշխատում։
Նա արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 5-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրված է ընդամենը երկու հարց, երկուսն էլ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:
«Ի՞նչ է սա նշանակում։
Իշխանափոխությունից հետո Հայաստանի հասարակությունը լցված էր փոփոխությունների մեծ սպասումով, որոնց գերակշռող մասը պետք է արտացոլված լիներ նախորդ իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական կարգավորումներում արմատական փոփոխություններում:
Այդ նպատակին հասնելու համար ձևավորվեց նոր կառավարություն, որը հանձն առավ սեղմ ժամկետներում իրականացնել օրենսդրական լայնածավալ փոփոխություններ Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքը կարգավորող կարևորագույն օրենքներում:
Նշվեցին ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը, հարկային օրենսգիրքը, նախատեսում էին փոխել ԲՈՒՀ-րի մասին օրենքը` կառավարման խորհուրդները պետական կառավարումից տարրանջատելու համար:
Այդ փոփոխությունները չարվեցին 6-րդ գումարման խորհրդարանում` հիմնավորելով դա խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չունենալու հանգամանքով:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր ընտրված խորհրդարանը նշանակեց վարչապետ և ձևավորեց կառավարություն, թեկուզ 1/3-ով, սակայն իրավիճակը դրանից չփոխվեց:
Կառավարությունը մատնված է անգործության, չի մշակում և խորհրդարան չի ներկայացնում օրինագծեր, որոնց ընդունման դեպքում կբարելավվի տնտեսության վիճակը, կպարզեցվի հարկային վարչարարությունը, գործարարների համար կսահմանվեն խաղի հստակ, հասկանալի և ընդունելի կանոններ:
Կարելի՞ է արդյոք փաստել, որ նոր կառավարությունը չունի բարեփոխումների հստակ տեսլական և հայեցակարգ, թե, այնուամենայնիվ, նախորդ իշխանությունից ժառանգություն մնացած օրենսրական համակարգը բավարարում է ներկայիս իշխանություններին և փոխելու առանձնապես շատ բան չկա։
Այդ դեպքում ինչի՞ համար է հարկատուների հաշվին պահվում 131 հոգանոց խորհրդարան, նրանց վճարվում աշխատավարձ, կազմակերպվում գործուղումներ, տրամադրվում ծառայողական մեքենաներ, գործավարներ, օգնականներ, պահվում և պահպանվում է հսկայական աշխատակազմ»,-գրել է նա։