Ուզբեկստանի առաջին նախագահի դստերը տնային կալանքից տեղափոխել են կալանավայր
Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ Գյուլնարա Քարիմովան տեղափոխվել է կալանավայր, որը մինչ այդ գտնվում էր տնային կալանքի տակ։ Ինչպես հայտնել է երկրի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, այս տեղափոխությունը կապված է նրա կողմից դատարանի տնային կալանքի պատիժը կրելու պայմանների սիստեմատիկ խախտումների հետ: Այս մասին տեղեկանում ենք RIA-ից։
Հաղորդվում է, որ Գյուլնարա Քարիմովան 2015թ.-ին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ շորթման ու հարկերից խուսափելու մեղադրանքով: 2018թ.-ի հուլիսին դատարանը ազատազրկումը փոխարինել էր 5 տարվա տնային կալանքով՝ նրա դստեր՝ Տաշքենդում գտնվող հասցեում՝ «մարդասիրական նկատառումներով»։
Բացի այդ, Քարիմովան պարտավորվել էր փոխհատուցել պետությանը պատճառված վնասը՝ մոտ 2մլրդ դոլար։
Փետրվարի կեսերին Քարիմովայի որդին ինստագրամում գրել էր, որ հետաքննության մարմինները ճնշում են գործադրում մոր վրա, մերժում բժշկական խնամքը: Գլխավոր դատախազությունը հերքել էր այս տեղեկությունը:
Երեքշաբթի օրը դուստրը հայտնել էր, որ գլխավոր դատախազությունը «առևանգել է» մորն ու ինստագրամում հրապարակել «առևանգման» տեսանյութը: