ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերը չեն փակվի, բայց հնարավոր է աշխատակիցների մի մասը չշարունակի աշխատել. Տիգրան Խաչատրյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնեց Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի մասնաճյուղերի փակման մասին։
Ըստ իր ունեցած տվյալների՝ ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղերը ստացել են ծանուցումներ՝ առ այն, որ մարտի 16-ին պետք է փակվեն։ Գրասենյակների սեփականատերերը նույնպես ստացել են ծանուցագրեր, որ ապրիլի 1-ից հնարավոր է այդ տարածքները հետ հանձնվեն։
Արմեն Եղիազարյանի խոսքով՝ ՓՄՁ ԶԱԿ-ը ստեղծվել է մարզերում գործունեություն իրականացնելու նպատակով, որոնց համակարգման համար էլ ստեղծվել է Երևանի գլխամասային գրասենյակը, հիմա ստացվում է, որ մարզային գրասենյակները փակվում են, իսկ գլխամասային գրասենյակը պետք է շարունակի աշխատել։ «Կառավարության ծրագրում շեշտվում է, որ ՓՄՁ ոլորտը պետք է զարգանա տարբեր կառույցների և հարթակների միջոցով, մինչդեռ անհասկանալի է, թե ինչո՞ւ են փակվում այդ կայացած կառույցները և դրանց փոխարեն ստեղծվում նորերը՝ այն դեպքում, որ միայն 2018 թվականին 4 հազար սկսնակ և գործող փոքր ու միջին ձեռնարկությունների այդ մասնաճյուղերի միջոցով տրամադրվել է 8979 աջակցություն»,- ասաց պատգամավորը։
ՀՀ տնտեսական և ներդրումների զարգացման նախարար Տիգրան Խաչատրյան պատասխանելով հարցին՝ նախ նշեց, որ հավանական է՝ հարցի մեկնաբանությունը հաղորդակցության պատճառով որոշակի խեղաթյուրվել է: Այնուհետև նա ասաց, որ օրենքի համաձայն, երբ կառույցը գնում է օպտիմալացման՝ նույնիսկ մեկ աշխատատեղի կրճատման, ապա պետք է ծանուցվեն բոլորը։
«Համապատասխանաբար, ՓՄԶ ԶԱԿ-ի բոլոր աշխատակիցները օրենքով սահմանված կարգով ստացել են ծանուցում այն մասին, որ սահմանված ժամկետն ավարտվելուց հետո հնարավոր է այդ աշխատակիցների մի մասին արվի այլ աշխատանքի անցնելու առաջարկ կամ միգուցե նրանք չշարունակեն աշխատել: Ամենևին խոսքն այն մասին չէ, որ տարածքային կառույցներում աշխատողերը չեն շարունակելու աշխատել, այլ առավել արդյունավետ ձևով պետք է աշխատեն»,- ընդգծեց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ յուրաքանչյուր տարածքում աշխատում է 2 մարդ, այն դեպքում, երբ այդ երկու մարդու աշխատանքը ոչ թե մեկ ամսում, այլ նույնիսկ մինչև մեկ տարում հանգում է ընդամենը երկու կամ երեք վարկային փաթեթ դիտարկելուն:
«Մտադիր ենք նոր ցուցանիշների համակարգ ներդնել, որ աշխատողներից յուրաքանչյուրն ունենա արդյունավետ աշխատանքային զբաղվածություն, դեպք առ դեպք քննարկելուց հետո կորոշվի՝ ինչպես են շարունակվելու տարածքային կառույցների աշխատանքը։ Կա որոշում, որ ՓՄՁ ԶԱԿ-ի տարածքային կենտրոնները շարունակելու են աշխատել»,- նշեց նախարարը։