Ելենա Զելենսկայան Վլադիմիր Զելենսկու՝ նախագահի թեկնածու դառնալու մասին
«Թաղամաս-95» ստուդիայի հեղինակ Ելենա Զելենսկայան «Йод» կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է փոխվել կյանքը այն պահից, երբ ամուսինը՝ Վլադիմիր Զելենսկին, դարձավ Ուկրաինայի նախագահի թեկնածու։ Սա Ելենայի առաջին հարցազրույցն է վերջին մի քանի տարիներին։
Ելենա Զելենսկայան խոստովանել է, որ հարցազրույցներ չի տալիս, հրապարակայնությունից խուսափում է, քանի որ այն մարդկանցից չէ, ովքեր իրենց հարմարավետ են զգում՝ գտնվելով ուշադրության կենտրոնում։
«Հանրայնության համար մեր ընտանիքում հաջողությամբ պատասխանատու է մեկ այլ մարդ»,-ասել է Զելենսկայան։
Հարցին, թե պատրաստ է արդյոք կյանքի արմատական փոփոխություններին, եթե Վլադիմիրը հաղթի ընտրություններում, Ելենան նշել է, որ պատրաստվելը նախապատրաստման գործընթացի արդյունքն է։
«Ես սրան չէի պատրաստվել։ Իսկ ընդհանրապես այսպիսի դեպքերում պետք չէ առաջ ընկնել»,-ասել է Ելենան։
Անդրադառնալով փոփոխությունների հետ կապված սահմանափակումներին, Ելենան նշել է, որ իհարկե, տեղի են ունեցել փոփոխություններ՝ հատկապես անվտանգության հետ կապված, իսկ մնացածը, ընդհանուր առմամբ, նույն է մնացել։
«Իրականում, շատ բան չի փոխվել. հայրիկը նույնքան շատ է աշխատում, բայց միևնույն ժամանակ իր վրա է վերցնում բացասական հսկայական ալիք, ինչը չի կարող չհոգնեցնել։ Սակայն երեխաներին մենք փորձում ենք ինչ-որ կերպ պաշտպանել»,-ասել է Զելենսկայան։
Ելենա Զելենսկայան նշել է, որ 14-ամյա դուստրը պատանեկության մաքսիմալիզմի վիճակում է ու մեծ դժգոհություն է արտահայտում հոր՝ քաղաքական գործունեության վերաբերյալ, որպեսզի նա էլ չնմանվի քաղաքական բոմոնդի ներկայացուցիչներին, որոնց տեսնում է հեռուստացույցով։
Հարցին, եթե իրենց փոքրիկ ընտանիքը պատկերացնեն որպես մինի-պետություն, ինչպիսի կառավարման ձև է տիրում այդ երկրում, ինչպես է բաժանված քաղաքական իշխանությունը, ինչպիսի լիազորություններ ունեն յուրաքանչյուրը, Ելենան ընտրել է հանրապետությունը՝ ժողովրդավարական համակարգով։
«Հայրիկն իրականացնում է ընդհանուր ռազմավարական ղեկավարությունը, իսկ մնացած հարցերում մեզ գործողություններին ազատություն է տրված։ Ժողովուրդը ոչ մի սահմանափակում չունի»,-ասել է Ելենան։
Ելենա Զելենսկայան նաև պատասխանել է բլից հարցերի։
- Վլադիմիրի սիրած ուտեստը։ – Այն ամենն, ինչ կպատրաստեմ։
- Կիև, թե՞ Կրիվոյ Ռոգ։ – Կիև, ամեն ինչ արդեն այստեղ է:
- Ձեր նախընտրած օծանելիքը։ - Ամեն օր տարբեր է:
- Վլադիմիրի այն դերը ֆիլմում կամ բեմում, որը Ձեզ ամենաշատն է դուր գալիս։ - Անկե՞ղծ: Նա դեռ այն չի խաղացել:
- Զելենսկու ամենավատ հատկանիշներից երեքը: - Միայն մեկը, նրան թվում է, որ ամեն ինչ կարող է հասցնել:
- Կարդացած վերջին գիրքը: - Միանգամից կարդացել եմ մի քանիսը: Վերջինը, որը հիշում եմ, Չակ Պալանիկի «Վերապրածը»:
- Ֆիլմ, որն անվերջ կարող եք դիտել Ձեր ամուսնու հետ: - «Իրական սեր» (Love Actually):
- Ե՞րբ եք վերջին անգամ արտասվելով ծիծաղել ու կա՞ այն կրկնելու ցանկություն: - Վերջերս Օդեսայի «Ծիծաղի լիգա» փառատոնում: Կա ցանկություն և հնարավորություն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Ուկրաինայի ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու գրանցել է ռեկորդային 44 թեկնածուների։