Թևան Պողոսյան. ՀՀ-ԵՄ հարաբերություններում մեծ աշխատանք ունենք անելու ներսում
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը պարտադիր էր, լավ է, որ եղել է։ Եթե վերցնենք կոնկրետ Հայաստան-Եվրամիություն օրակարգը, կա ոգևորություն, բայց պետք է հասկանանք, որ մեծ տնային աշխատանք ունենք անելու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
Նա հարցադրում արեց՝ արդյո՞ք ԵՄ-ում ընտրություններից հետո իրավիճակ է փոխվելու, թե ոչ. «Ասում ենք, որ ամեն ինչ լավ է: Եկեք հիշենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանն ասաց՝ պատրաստ եմ քաղաքական բաղադրիչը ստորագրել հենց այսօր, բայց ԵՄ-ն ասաց՝ ոչ, «կամ, կամ»: Սակայն մեկուկես տարի անց ընտրություններ տեղի ունեցան ԵՄ-ում, և ԵՄ-ն ասեց՝ լավ, ոնց որ թե «և, և»-ն էլ է աշխատում, և մենք ունեցանք CEPA-ն (ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր)»:
Թ. Պողոսյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է ուշադիր հետևեն, թե ինչ են լինելու ընտրություններում, ինչ արդյունք է գրանցվելու:
«Կարող է այնպիսի արդյունք գրանցվի, որ որևէ բան չփոխվի, կամ հակառակը՝ շատ գործեր ավելի արագ տեմպերով գնան: Բայց կարող է և ունենանք փոփոխություններ, որոնց պետք է պատրաստ լինենք և հասկանանք՝ հետո ինչպես ենք աշխատելու, որ այս պայմանավորվածություններն առնվազն իրագործվեն մեզ ցանկալի տեմպերի մեջ: Այստեղ մենք ունենք մեծ տնային աշխատանք»,- ասաց Թևան Պողոսյանը:
Խոսելով վիզների ազատականացման մասին՝ նա նշեց, որ քաղաքական հայտարարությունների համար գեղեցիկ ժամանակահատված է, բայց պետք է իրականությունը դիտարկել ու չոգևորվել։ Թ. Պողոսյանն ասաց, որ վիզաների ազատականացման պրոցեդուրան մի քանի փուլով է։ Առաջին փուլը քաղաքական որոշումն է, երբ Եվրամիության բոլոր երկրները կամ Եվրոպական խորհուրդը ընդունում է քաղաքական որոշում և հանձնարարում է Եվրոպական հանձնաժողովին սկսել տեխնիկական բանակցությունները։
«Հայաստանը մի քանի բան արդեն իրականացրել է, եղել է իսկապես ձգձգվածություն եվրոպական կողմից։ Դադաղ է գնացել, հասկանալի է՝ ինչու. մարդիկ նայել են Հայաստանում փոխոխություն է եղել, սպասումներ են ունեցել, կան օբյեկտիվ, սուբյեկտիվ գնահատականներ։ Պետք է հանգիստ նայենք այդ գործընթացին և հակառակը՝ պետք է ինչ -որ չափով նպաստենք»,- ասաց Թ. Պողոսյանը։
Տեխնիկական բանակցություններից փուլին հաջորդում են արդեն բանակցություններն իսկական որոշման հիման վրա, որը, նրա խոսքով, առնվազն 4 տարվա տեխնիկական փաթեթ է։ Դրանից հետո կրկին գալու է քաղաքական որոշման փուլը։
«Այսօրվա դրությամբ հասկանալի է, որ CEPA-ի ամբողջական վավերացումն այլևս չի լինելու մինչև մայիս, այս երկու ամսում իրատեսական չէ, բայց դրա հետ միասին պետք է հասկանանք, որ մեծ բաժին աշխատանք կա անելու ներսում»,- ընդգծեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Մոգերինի. ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին
- Քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը նորմալ գնում է, մի անհանգստացեք. Սվիտալսկի
- Մեծ աշխատանք ունենք՝ խթանելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման արագացումը. Ռուբեն Ռուբինյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևոր գործիք է Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար. ՄՆացականյան
- ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է ինտենսիվ փուլ. փոխնախարարի պաշտոնակատար
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումից մեկ տարի անց գործընթացի տեմպը բավարար չէ. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան