Իշխանական խուճապ ու անորոշություն
Լրատվամիջոցները, և հատկապես դեսպանատներից ուղղորդվող ու Սորոսի հիմնադրամից միջնորդավորված ֆինանսավորվող մամուլը և կայքերը շարունակում են հանգամանորեն քննարկել ու մանրակրկիտ վերլուծել «168 ժամ» օրաթերթի հարցերին ի պատասխան քաղաքական կալանավոր Ռոբերտ Քոչարյանի հայտնած գնահատականներն ու դիրքորոշումները։ Թեև Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը ապօրինաբար տակավին բանտարկված է Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, թավշյա իշխանության ամենահետևողական քաղաքական ընդդիմադիրի աշխարհաքաղաքական տեսակետները առաջնային հետաքրքրություն են առաջացրել։
Օրեցօր առավել նկատելի է դառնում, որ խորհրդարանական արտահերթ ու հրատապ ընտրություններից հետո` իշխանափոխության փուլի ավարտին վարչապետ դարձած Փաշինյանը այլևս չունի գործողությունների ծրագիր, որոշակի ուղղվածություն։ Պատճառները մի քանիսն են, բայց գլխավորն ու որոշիչը, իսկ Փաշինյանի համար` ճակատագրականը, ԱՄՆ նախագահ Թրամփի դիրքերի ամրապնդումն է, նրա ու Սորոսի աշխարհաքաղաքական տեսլականների անհամատեղելիությունը, ԱՄՆ դեսպանի փոփոխությունը, մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ Եվրոպայի հավաքական հետաքրքրության բացակայությունը և թավշյա իշխանության նկատմամբ Ռուսաստանի տոտալ անվստահությունը։
Բանն այն է, որ թրամփյան ԱՄՆ-ն այլևս հրաժարվում է իր ավանդական աշխարակալական քաղաքականությունից, կայսերական նկրտումներից, ձեռնպահ է նոր պրոտեկտորատներ ունենալուց և փորձում է ազատվել բազում հների բեռից։ Այս իրավիճակում որոշակի «անտերության» մեջ է հայտնվել նույնիսկ Եվրոպան, որտեղ ներքին իշխանափոխությունների շարք է սկզբնավորվել և զուգահետ ընթանում են համաեվրոպական մարմինների ընտրական փուլերը։ Այսինքն. ԱՄՆ-ն և Եվրոպան զբաղված են սեփական պրոբլեմներով ու այլևս ժամանակ, միջոցներ ու ցանկություն չունեն` սպասարկելու Փաշինյանի թավշյա իշխանափոխության հաջորդ փուլը։ Իսկ պաշտոնական Մոսկվան որոշակիություն ու հետևողականություն է ակնկալում։
Արցախի ու Հայաստանի հանրապետությունները և՛ որպես վարչապետ, և՛ որպես նախագահ ղեկավարած միակ պետական գործիչն իր հարցազրույցում անդրադարձել է նաև այս իրավիճակին։ Ռոբերտ Քոչարյանը հստակ արձանագրել է, որ առաջացած աշխարհաքաղաքական հանգամանքները անելանելիության խուճապ են առաջացրել դիվանագիտական ու քաղաքական փորձ չունեցող Փաշինյանի գործողություններում։ Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ անորոշությունները, Ռուսաստանի ու Իրանի հետ «հեռանկարային», բայց անհիմն ու անարդյունք «ծրագրեր» ունենալու մասին թմբկահարումը թավշյա վարչապետի խուճապային «լուծումների» մի դրվագն է։ Մինչդեռ, Փաշինյանի բոլոր սխալների ու սայթաքումների թանկ վճարը, ինչպես հավաստում է ՀՀ երկրորդ նախագահը, փոխհատուցելու է հայաստանցի սպառողը։
Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ «Ռուսաստանն ու նրա մշակույթը» վատ ճանաչող ու վատ հասկացող «Սորոսի սաները» ո՛չ թե «համոզմունքներից ելնելով», այլ ստիպված են ձգտում «լավ հարաբերություններ պահպանել» Ռուսաստանի հետ, քանի որ ուղղակիորեն չունեն «իրենց համար առավել ընդունելի ընտրություն»։ Թեև սահմանադրական անձեռնմխելիությամբ օժտված քաղաքական առաջնորդը հենց Փաշինյանի անձնական հրահանգով է կալանավորված, սակայն նա քաղաքական մրցակցին մեծահոգաբար զգուշացրել է, որ արևմտյան ու սորոսական «ծրագրերով» առաջնորդվելու և ռուսական համբերատարությունն ու մեծահոգությունը չարաշահելու պատճառով Փաշինյանն անխուսփելիորեն և անվերջ բախվելու է իր իսկ առաջացրած «անհետևողականության, լղոզվածության ու էկլեկտիկության» արտաքին քաղաքական թնջուկին։
Ընդգծելով, որ «Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են», մեր երկրի երկրորդ նախագահը միաժամանակ չի թաքցրել իր թերահավատությունը «Փաշինյանն իմ քաղաքական հոգեզավակը չէ» առաջին նախագահի պնդման վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ ԼՏՊ-ն ու Փաշինյանը «աշխարհայացքներով, աշխատանքի մեթոդներով, խառնվածքով ու ցինիզմի աստիճանով» շատ նման են` աչքի զարնելու աստիճան։ Իսկ իշխող կուսակցության նրա բնութագիրը պարզ ու հստակ է. «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր առաջնորդի հետ միասին, այսպես թե այնպես, ընկալվում է՝ որպես ՀՀՇ-ի ռեինկարնացիայի պրիմիտիվ տարբերակ»։
Հետևաբար. ԼՏՊ-ի լրատվական դաշտ նետած այս թեման թեև գրավիչ է` լոկ մտավարժանքի համար, սակայն նույն «սատկած կատվի» անիմաստ հնարքն է, որ կիրառվում է հանրային ուշադրությունը կարևոր իրադարձություններից շեղելու նպատակով։ Մինչդեռ ակներև է, որ մեր երկրի սորոսական լրատվամիջոցները` հրապարակավ, կազմակերպությունները` խրհրդապահորեն Իրան-Բրյուսել-Մոսկվա երթուղով բախտ որոնող վարչապետ Փաշինյանին հետևողականորեն ուղղորդում են դեպի արևմուտք և ամենայն ջանասիրությամբ տարփողում նրա ռուսամետության «սարսափները»: Մինչդեռ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական մրցակցին նաև ազնվորեն զգուշացրել է, որ «հասարակության բևեռացումը, ներքին լարվածության ու դիմակայության մշտական օջախները ոչ մի լավ բանի չի բերելու»։
Փաշինյանն այսօր ընկած դռնեդուռ՝ հզորներից հզորություն է մուրում: Նրանք հզորություն խոստանում են, բայց չեն խոստովանում, որ ունեցած հզորությունն իրենց չի հերիքում: Նիկոլը մտածում է, թե իրեն խաբել, լքել ու «քցել» են՝ ինչպես 11 տարի առաջ ԼՏՊ-ն արեց, և գուցե` կարծում է, թե միայն քեռի Սորոսն է միակ փրկությունը։ Իսկ սորոսական-քպական ներքին լարվածության պայթյունը շատ մոտ է։ Կպայթի, երբ քպական սորոսականները ստանան իրենց արտաքին քաղաքական դիրքերը արտահայտելու ու պաշտպանելու, Փաշինյանի «պրոռուսական» ու կոմպլեմենտար դիրքորոշումներին հակադրվելու հրահանգը։
Սորոսականներն առայժմ իրենց ծրագրերն իրագործում են ներքաղաքական դաշտում. ուսում-կրթություն, հավատ-կրոն, մշակույթ, արվեստ, մամուլ։ Ոլորտներ, որտեղ իրենց կործանիչ ուժն առավել ազդեցիկ է ու անշրջելի և ծնում է հասարակության գերպառակտում ու փոխադարձ ատելություն։ Սա իշխանություն դարձած հինգերորդ շարասյան պետականությունը ներսից կործանելու նպատակային ուղին է։ Իսկ ներսից ոչնչացված հասրակությունն արդեն չի կարող դիմագրավել արտաքին մարտահրավերները, որոնք ավելանում ու ահագնանում են` եթե առաղջ ուժերը չկանխեն։
Մինչդեռ երկրում արդեն ինքնակամ լյուստրացի է իրագործվում, իսկ օրենքից մի միլիմետր շեղում «թույլ չտվող» վարչապետը անկատար-ապառնիով արված անհասցե ու անորոշ ֆեյսբուքյան գրառմամբ է բավարարվում. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության»: Ու չի հետևում ոչ մի հակազդեցություն։ Իսկ լյուստրացիային տրամաբանորեն պետք է հետևի այլ կարծիք ունեցող լրագրողների ու քաղաքական գործչների, Փաշինյանի աղանդը չընդունողների ֆիզիկական ոչնչացումը։ Չէ որ` երկրի բնակչության մեծամասնությանը, գիտակից քաղաքացիներին բանտարկելու համար քրեակատարողական հիմնարկների հնարավորությունները բավարար չեն։ Նաև. մեր ժողովրդը չունի այդքան դավաճան, մատնիչ, գործ տվող, նաև` պատվեր կատարող քննիչներ, դատավորներ ու դատախազներ։
Իսկ «ռեստարտի» գործողությունն ու Փաշինյանի իներտությունը մատնում են իրենց սորոսական ծագումնաբանությունն ու վաձկան էությունը, նաև` ապացուցում, որ թավշյա իշխանափոխության նպատակը Հայաստանը քաոսի վերածելն է, ազգային ու բարոյական արժեհամակարգը ոչնչացնելը, հայոց պետականությունը կործանելը` Արցախում ու Հայաստանում։ Իսկ անում են, որովհետև Արցախի ու Հայաստանի համար ո՛չ արյուն, ո՛չ էլ քրտինք են թափել, և հիմա իրենց փսլիքն են մաքրել։
Հետգրություն.
Երբ Լյուդովիկոսը XVI-ը թագավորական կառափնարանի արսենալ էր ներմուծում գելյոտինը, ինստրուկցիայում չէր գրել, թե` այդ գործիքով չի կարելի գլխատել թագավորին։ Երբ Ռոբեսպիեռը գելյոտինը վերածեց հեղափոխական արդարադատությայան գործիքի, ինստրուկցիայում չգրեց, թե` այդ գործիքով չի կարելի արդարադտություն իրականացնել հեղափոխական առաջնորդների նկատմամբ։ Թավշյա իշխանության օրոք գելյոտինը փոխարնվել է անցումային արդարադատությամբ ու քաղաքական հաշվեհարդարներով, որոնք մեր աչքի առաջ վերածվում են փողոցային անարխիկ հաշվեհարդարի ու քաղաքական սպանության` առայժմ սպառնալիքի։ Եվ Փաշինյանը ոչ մի տեղ չի արձանագրել, թե` անցումային արդարադատությունը, քաղաքական հաշվեհարդարը և քաղաքական սպանությունը չի կարելի կիրառել թավշյա իշխանավորների նկատմամբ։ Նաև ոչ մի տեղ գրված չէ, թե Փաշինյանը մեր ժամանակների Յուպիտերն է, իսկ մնացյալը` եզ։ Ի դեպ. թեև Յուպիտերը հռոմեական աստված էր, բայց դեռ հեթանոս հռոմեացիները արձանագրեցին գերագույն աստվածի մահը։ Հիմա նրա գերեզմանը զբոսաշրջիկներին է զվարճացնում։
Սիմոն Գյուրջյան
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին