Որոշ պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի հողերը նախապես գնել են ծիծաղելի գներով. Փաշինյան
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված քննարկումներին և նշել, որ դրա շուրջ հողերի ձեռքբերման հետ կապված որոշ տարօրինակ փաստեր են արձանագրվել:
«Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաններ, նախապես տեղյակ լինելով, որ այնտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք էին բերել ծիծաղելի գներով: Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, պետական հողատարածք չկա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվել այդ գործի ընթացքից:
Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ այս պահին քրեական գործ է հարուցված այդ գործի շրջանակում: Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տվյալ հողատարածքը միանշանակ ենթակա է վերադարձման պետության հաշվեկշռին. «Ըստ մեր գործընկերների՝ դա կտևի մոտ 2-3 ամիս»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս մանրամասներ է ներկայացրել այդ գործի վերաբերյալ: Ըստ նրա՝ ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյունքում նյութեր են նախապատրաստվել և հարուցվել է քրեական գործ:
«Կեղծիքների միջոցով իրականացվել է համապատասխան հողերի վաճառք, գործարք, տեղեկացրեց՝ և գնային, և ֆորմալ առումով այնտեղ կան կեղծիքներ: Արդեն նախաքննական մարմնի մոտ է գործը, խոստացավ արագացնել քննության ընթացքը, և եթե հիմնավորվեն ընթացակարգերի խախտումները, ապա այդ գործարքները լուծելու հիմքեր կունենան»,- ասաց դատախազը:
Վարչապետը հետաքրքրվեց՝ իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքեր կլինե՞ն, ինչին ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Եթե մեղավորներ ունեցանք, ուրեմն պատասխանատվությունն անխուսափելի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում