Երբ Արցախը նստեց բանակցային սեղանի շուրջ՝ Ադրբեջանի քարոզչական մեքենայի մեխը կքանդվի. Շավարշ Քոչարյան
Երբևէ չի հայտարարվել, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Այդ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ քայլեր կատարվել են, ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում: Բայց պայմանավորվածություններից հրաժարվել չկա»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ օրակարգում է նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման գործընթացը, սակայն դա չի իրականացվում՝ ադրբեջանական կողմի պատճառով։
Հարցին՝ այդ դեպքում ինչու է ՀՀ վարչապետը հանդիպումներ ունենում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, Շավարշ Քոչարյանն ասաց, որ ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը:
«Առ այսօր հանդիպումներն ուղղված էին նաև ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերի նվազեցմանը»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով բանակցություններին Արցախի ներգրավմանը, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, փոխնախարարն ասաց՝ համանախագահները շատ լավ հասկանում են, որ դա կարող է լինել կողմերի համաձայնությամբ:
«Տվյալ պարագայում խնդիրը կայանում է նրանում, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և նա ամեն գնով ձգտելու է, որ դա չլինի: Այն պահից, երբ Արցախը որպես լիարժեք կողմ նստեց բանակցության սեղանի շուրջ՝ իրենց ամբողջ քարոզչական մեքենայի մեխը քանդվում է: Սա է պատճառը, որ Ադրբեջանը դիմադրելու է: Ամեն դեպքում մենք էլ պետք է հետևողական լինենք, որ, այդ թվում միջազգային հանրության ջանքերով, դա պարտադրվի Ադրբեջանին: Անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը: Իսկ հիմնական հակամարտող կողմերն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը: