Ինչպե՞ս և որտե՞ղ են լոռեցի աշակերտները սովորել արտակարգ իրավիճակում չվարանել
Բոլորս հիացանք Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանով և Էդմոն Քոչարյանով։ Գտնվելով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, նրանք կանխել են հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն։
«Պարադիգմա» կրթական հիմնադրամը մանրամասներ է հրապարակել, թե ինչպես և որտեղ են նրանք սովորել արտակարգ իրավիճակում չվարանել, հրդեհի վտանգ կանխել, առաջին օգնություն ցուցաբերել։
Ըստ աղբյուրի, Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում գործում է հրշեջ փրկարարական ջոկատ։Այս ջոկատը կազմավորել է դպրոցի ռազմագիտության ուսուցիչը՝ փոխգնդապետ, արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Մարտիրոսյանը։ Ջոկատը ձևավորվել է 2008 թվականի մարտի մեկյան դեպքերից հետո՝ երկրում հաստատված արտակարգ դրությունից հետո։ Ջոկատի նպատակն ուսուցողական է՝ պատրաստ լինել արտակարգ իրավիճակներում գործելու։
2008 թվականից առ այսօր Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում ամեն տարի ուսուցողական նպատակով տագնապ է հայտարարվում և տարհանում է իրականացվում։ Ջոկատի անդամները պարբերաբար փոխվում են։
Առարկայական ծրագրին ի հավելումն, ռազմագիտության դասերից բացի, ուսուցիչ Մարտիրոսյանն ամիսը մեկ անգամ կազմակերպում է արտակարգ իրավիճակներին ուղղված սեմինարներ, որին աշակերտները մասնակցում են բացառապես կամավորության սկզբունքով։ Դպրոցը համագործակցում է նաև Արտակարգ իրավիճակների նախարության` Լոռու մարզային փրկարարական վարչության հետ։
Ջոկատի անդամ աշակերտները պարբերաբար այցելում են փրկարարական վարչություն և հավելյալ սեմինարների մասնակցում։
«Սա պատմություն է ազատ գործող ստեղծարար ուսուցչի և այդ ուսուցչին տրված դպրոցական ազատության մասին, որի շնորհիվ ընդամենը 8-րդ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը այսօր արդեն անում են մի քայլ, որ մեզնից շատերը կվարանեին կատարել։
Հ.Գ. Այս պատմությունը չէր պատմվի առանց Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանի, ով սիրով պատմեց իր դպրոցի պատմությունը ։
* Արկադի Մարտիրոսյանը գրանցված չէ Ֆեյսբուքում, տնօրենի փոխանցմամբ նրա նկարը հնարավոր է գտնել միայն «իր անձնական» գործում....Նա շարունակում է փրկել մարդկային կյանքեր՝ այժմ արդեն իր աշակերտների միջոցով»,-մանրամասնում են հիմնադրամից։