«Հայատյացությունը այլատյացության հստակ դրսևորում է». համաժողով Եվրոպական խորհրդարանում
Մարտի 6-ին Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Հայատյացություն․ պատմական ու մերօրյա վերելք» թեմայով համաժողով, որը հյուրընկալում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը։ Համաժողովին հատուկ հյուրն էր Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Մասնակցել են ավելի քան 100 հյուրեր, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։
Համաժողովին ելույթներով հանդես են եկել մարդու իրավունքների պաշտպան, թուրք Ռագիպ Զարաքոլուն, Կրակովի համալսարանի պրոֆեսոր Յակուբ Օսիցկին, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն ու Արցախի նախկին օմբուդսմեն, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ինչպես տեղեկացնում է Եվրոպայում Հայ դատի գրասենյակը (EAFJD), կոնֆերանսին ելույթ ունեցած բանախոսները, այդ թվում գիտնականներ, պատմաբաններ, իրավապաշտպաններ, լրագրողներ, անդրադարձել են հայատյացության երևույթին, նրա ծագմանը և Ադրբեջանում ու Թուրքիայում երևույթի ներկա դրսևորումներին: Մասնակիցները մտահոգություն են հայտնել հայերի հանդեպ ատելության հրահրման վտանգավոր հետևանքների նկատմամբ, որոնք աջակցություն են ստանում թուրքական ու ադրբեջանական իշխանությունների կողմից:
Բացման խոսքում EAFJD-ի նախագահ Գասպար Կարապետյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանում հայատյացության հարցին անդրադառնալու կարևորությունը՝ նշելով, որ ԵՄ համապատասխան մարմինները և, մասնավորապես, ԵՄ մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչը, պետք է խրախուսեն Թուրքիային և Ադրբեջանին՝ դադարեցնել հակահայկական տրամադրությունների սերմանումը քաղաքականության մեջ։
«Հայերը խաղաղ մարդիկ են՝ մեծ իդեալներ ունեցող և բոլորի հետ միասին գոյակցության բարձր կարողություններով», - ասել է պատգամավոր Էլենի Թեոխարուսը։
Քննարկումների ընթացքում հիմնական կետերից մեկը, որի շուրջ համաձայն էին բոլորը, այն էր հակահայկական տրամադրությունները այլատյացության հստակ դրսևորում է, որը մարդկության համար ամենամեծ սպառնալիքներից մեկն է:
Այս կապակցությամբ Աշոտ Ղուլյանը շեշտել է, որ ավելի վտանգավոր է, երբ քսենոֆոբիան ու ատելության խոսքը դառնում են պետական քաղաքականություն` կասկածի տակ դնելով մարդկանց կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում խաղաղ գոյակցումը:
«Քսենոֆոբիայով թունավորվող հասարակությունը երբեք չի կարող, ոչ մի հանգամանքներում, ստեղծել հասարակական և համամարդկային արժեք»,-ասել է Ղուլյանը:
Իրավապաշտպան Ռագիպ Զարաքոլուն կարևորել է Թուրքիայի հայերի հանդեպ պատմական և ներկա ատելության մակարդակը, ասելով, որ հայատյացությունը միշտ ուժեղ է եղել Թուրքիայի պատմության մեջ:
«Հայաստանը խոչընդոտ է եղել ժամանակին պանթուրքական գաղափարախոսության համար, ինչը հանգեցրեց Հայոց ցեղասպանության իրագործմանը»,-ասել է Զարաքոլուն։
Խոսելով Ադրբեջանում հայատյացության մասին՝ պատմաբան Յակուբ Օսիցկին նշել է, որ որոշ գիտնականներ համարում են, որ հայատյացության երևույթը, հավանաբար, կապված է 20-րդ դարի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջացման հետ: Այնուամենայնիվ, նա պնդում է, որ հայատյացության վարքագիծը գալիս է դեռևս 19-րդ դարից, ինչը վկայում են այդ ժամանակաշրջանի շատ եվրոպացի պատմաբաններ:
Կոնֆերանսի ընթացքում դատապարտվել են նաև 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական նորմերի խախտումները: Արցախի Հանրապետության օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը ներկայացրել է հայերի, այդ թվում նաև քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ վկայությունները:
Ավելին, նա խորապես ցավում է այն փաստի առնչությամբ, որ ապրիլի պատերազմից հետո պատերազմի հանցագործություններ կատարողներն անձամբ պարգևների են արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:
Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Ադրբեջանում կրթական համակարգում և լրատվամիջոցներում հայատյացության դրսևորմանը, նշել, որ հայերի հանդեպ ատելությունը տարածվում է Ադրբեջանի դպրոցներում ու մանկապարտեզներում: Մելիքյանը ներկայացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հրապարակված «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունը հայերի նկատմամբ» զեկույցը:
Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդման էր ենթարկվել, ներկայացրել է իր անձնական փորձն ու ասել. «Ես տեսնում եմ որոշակի զուգահեռներ Երկրորդ աշխարհամարտի սկզբում նացիստական Գերմանիայի ու ժամանակակից Ադրբեջանի միջև: Այսօր հայերի նկատմամբ ատելության քարոզչությունը Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն է»,- ասել է Լապշինը:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի Հայ դատի գրասենյակի (EAFJD) ու Թուֆենկյան Հիմնադրամի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան