Փոփոխություններ՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրում
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում նախատեսված փոփոխությունների ու լրացումների նախագիծը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը ներկայացնելով փոփոխությունները՝ նշեց, որ Հայաստանում երիտասարդ ընտանիքները բնակարանների կարիք ունեն և այս նախագծով նախատեսվող փոփոխությունների նպատակն է նրանց համար մատչելի դարձնել բնարականների ձեռքբերումը:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություններ` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: 2018 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ տրվել է 3630 վարկ (1902 վարկ Երևանում, 1728՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 30 մլրդ 158 մլն ՀՀ դրամ (19 մլրդ 488 մլն ՀՀ դրամ Երևանում, 10 մլրդ 670 մլն՝ ՀՀ մարզերում):
Անդրադառնալով փոփոխություններին՝ Գաբրիել Ղազարյանն ասաց, որ տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը հանվում է և թողնում են միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:
Առաջարկվող փոփոխություններով ծրագրի շահառուներին նաև հնարավորություն է ընձեռվելու բնակարան ձեռք բերել 7,5 % տոկոսադրույքով՝ նախկին 9,5%-ի փոխարեն, կանխավճարն էլ կկազմի բնակարանի արժեքի առնվազն 7,5%-ը, իսկ մարման ժամկետը կերկարաձգվի մինչև 30 տարի: Բացի այդ, բարձրացվել է ձեռք բերվող բնակարանի արժեքը՝ հասնելով մինչև 30 մլն դրամի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով բարելավվում է երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պայմանները:
«Ամուսններին յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարեկան լինելու սահմափակումը վերացնում ենք, ինչը նշանակում է, որ Հայաստանում պաշտոնապես բարձրացնում ենք երիտասարդ համարելու շեմը, հիմա կարող է երիտասարդ համարվել ոչ միայն մինչև 35, այլ 40, 45 տարեկանը: Ամուսինների տարիքի գումարը 70 տարեկան նորմալ է, այսինքն՝ ամուսիններից մեկը կարող է լինել 50 տարեկան, մյուսը՝ 20 և ընտանիքը կհամարվի երիտասարդ, ինչը կարծում եմ շատ կարևոր նվաճում է: Մենք կարող ենք պաշոնապես արձանագրել, որ նախնական հաշվարկներով, 50 տարեկանները Հայաստանում այլևս համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ բոլոր ներկա հիսուն տարեկաններին շնորհավորում եմ», - կատակեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև հետաքրքրվեց՝ «Վերածնունդ» ծրագրի խնդիրը լուծվե՞ց, նրան դրական պատասխան տրվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում