Մոբայլ օգտատերերի վրա տրոյական ծրագրերի գրոհները հաճախակիացել են. «Կասպերսկի Լաբորատորիա»
Հայաստանի մոբայլ օգտատերերի 0,51%-ը 2018 թվականին բախվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների՝ այն դեպքում, երբ 2017 թվականին նրանց բաժինը կազմել է միայն 0,12%։ Ադրբեջանում 2018 թվականին նման գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,43%-ը՝ 2017 թվականի 0,14%-ի փոխարեն, իսկ Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 42% և 0,05%։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ մոբայլ բանկային տրոյացիները գողանում են բանկային քարտերի և հավելվածների տվյալները։
Դրանցից շատերը կարողանում են բանկային հավելվածի ինտերֆեյսի (միջերես) վրայից ցույց տալ իրենց ինտերֆեյսն այնպես, որ օգտատիրոջը թվում է, թե ինքը տվյալները մուտքագրում է բանկային հավելված, իսկ իրականում դրանք տալիս է տրոյացուն, որի տերերը գողացած տվյալները կօգտագործեն օգտատիրոջ հաշվից գումար դուրս բերելու համար։ Մոբայլ բանկային տրոյացիները նաև հաճախ ձեռք են գցում բանկերի հաստատման ծածկագիր կամ միջոցների դուրս գրման տեղեկատվություն պարունակող SMS-ները։ Որոշ վնասաբեր ծրագրեր էլ ստեղծում են այն հավելվածների պատուհանները, որոնք կարող են պահանջել օգտատիրոջ բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ քարտի դարձերեսին գտնվող CVV-ծածկագիրը։ Այնուհետև ծրագիրը ձեռք է գցում բանկի SMS-ը և ուղարկում իր տերերին, որպեսզի նրանք կարողանան զոհ դարձած օգտատիրոջ անունից գործարքներ կատարել իրենց սարքից։
Բանկային և այլ մոբայլ տրոյացիներից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն պաշտոնական այնպիսի խանութներից, ինչպիսին Google Play-ն է. դա անվտանգության լիարժեք երաշխիք չի տա, բայց այնտեղ տրյացիները հաստատ շատ ավելի քիչ են, քան պաշտոնական հարթակներից դուրս։ Նաև խորհուրդ է տրվում սարքի կարգավորումներում ընդհանրապես արգելել կողմնակի աղբյուրներից ծրագրային ապահովման տեղադրումը։ Հարկ է նաև չմոռանալ համակարգի և հավելվածների թարմացումների տեղադրման մասին. դրանցով մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել հանցագործները։ Նաև անհրաժեշտ է լավ մտածել մինչև նամակի կամ SMS-ի ինչ-որ կասկածելի հղումով անցնելը, և պետք է հավելվածներին տրամադրել միայն այն թույլտվությունները, որոնք իսկապես անհրաժեշտ են դրանց աշխատանքի համար։ Հարկ է մոբայլ սարքում կիրառել հուսալի հակավիրուս և կանոնավոր կերպով ստուգել համակարգը. այն կհայտնաբերի և կվնասազերծի կասկածելի օբյեկտները, ինչպես նաև չի թողնի, որ օգտատերը մտնի վնասաբեր կայքեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան