Ռիսկերը գիտակցելով գնում ենք այս փոփոխությունների. Վարչապետը՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին
Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է՝ ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչև 2019 թ. հունվարի 1-ը գործող՝ տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում, 2019 թ. հունվարի 1-ից ինքնազբաղված անձանց հարկման համակարգի շեմը բարձրացնել 9 միլիոն դրամից 24 միլիոն դրամ, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգի շեմը բարձրացնել 18 միլիոն դրամից 24 միլիոն դրամ, 2020 թ. հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը:
Մասնավորապես, առաջարկվում է՝ վերացնել արտոնագրային հարկի համակարգը, ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ, որի շրջանակներում գործունեություն իրականացնողներն ազատվելու են բոլոր հիմնական հարկերից:
Հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը: Առաջարկվում է սահմանել նաև, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համակարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են Հարկային օրենսգրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով:
Նախատեսվում է նաև անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2020 թ. հունվարի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թ. աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը, 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառո-թյամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը, 2020 թ. հունվարի 1-ից ակցիզային հարկով (1 լիտրի համար՝ 30 դրամ) հարկել նաև գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի) և այլն:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահան-մանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ: Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավել տնտեսական աճի: Ընդ որում, թեև վերջինս տեղի է ունենում ներդրումների և արտահանման խթանման ճանապարհով, այդուհանդերձ բնակչության կենսամակարդակին առնչվող ցուցանիշները նույնպես բարելավվում են: Մասնավորապես, սպառման աճը գնահատվում է 0.3-0.4 տոկոսային կետի չափով, իսկ զբաղվածության աճը՝ շուրջ 0.5 տոկոսային կետի չափով:
Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրականում սա շատ կարևոր փաթեթ է, և Հարկային օրենսգրքի քննարկումները սովորաբար Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում տարբեր թվաբանությունների և մեթոդաբանությունների տեսակետից:
«Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այսպիսի նախագծերն, ընդհանրապես, և տնտեսական պրոցեսները միայն թվաբանության մեջ տեղավորելը, կարծում եմ, շատ կոպիտ սխալ է, որովհետև շատ կարևոր է այն փիլիսոփայությունը, որ դրվում է այս ամենի տակ: Հետևաբար, ես կուզեի մի քանի կետ նշել հենց այս տեսակետից:
Առաջինը մինի բիզնեսի սահմանումն է և այդ հատվածին որոշակի արտոնություններ տալը, ըստ էության, նրանց հարկերից ազատելը: Սա մտնում է աշխատանքի խրախուսման մեր տրամաբանության և փիլիսոփայության մեջ: Երբ քիչ առաջ մյուս հարցի քննարկման համատեքստում ասում էի մենք ոչ միայն մարդկանց պետք է ասենք, քաջալերենք, որ աշխատեն, այլ պետք է հնարավորություններ ստեղծենք: Սա այդ կարևոր հնարավորություններից մեկն է և, իհարկե, այն բացառություններով, որ պարոն Ջանջուղազյանը նշեց: Ես չեմ ուզում թվարկել այդ բացառությունները, մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռներեցները և ընկերությունները կազատվեն հարկերից: Այստեղ ես ուզում եմ ընդգծել ևս մի ուղղություն, որը մեզ համար շատ կարևոր է և, իմիջիայլոց, որը մեր քննարկումների առանցքում էր նաև Բրյուսել կատարած այցի շրջանակում: Մենք հիմա քննարկում ենք, որպեսզի այս սեգմենտի համար ֆինանսական միջոցները դարձնենք հասանելի: Սա նշանակում է, որ բացվեն հատուկ վարկային գծեր, հնարավորինս ցածր տոկոսադրույքներով: Եվրամիությունը նույնպես իր պատրաստակամությունն արտահայտեց մեզ աջակցելու այս ուղղությամբ:
Այստեղ ուզում եմ նշել նաև այն ռիսկերի մասին, որ մենք ունենք: Երբ նախկինում ահա այսպիսի շրջանառության շեմեր են սահմանվել, վիճակագրությունն ինչ է մեզ ցույց տվել, որ, ենթադրենք, ընկերությունները տրոհվել են կամ շրջանառությունը թաքցրել են, որպեսզի որևէ շեմի ներքո հայտնվեն: Ես ուզում եմ ընդգծել, որ այս գործիքի նպատակն աղքատության հաղթահարման պրոցեսում մեր քաղաքացիներին աջակցելն է: Այս առումով ես հույս ունեմ, որ մենք չենք ունենա այն իրավիճակները, երբ ասենք 150 կամ 200 միլիոնանոց ընկերությունները տրոհվում են, դառնում են 5, 10, 20, 30 հատ մինի ձեռնարկության ընկերություններ: Սրա համար շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը՝ կրկին այդ հսկիչ դրամարկղային կտրոնների հարցում լինել հետևողական: Ընդհանուր առմամբ, այո, մենք այս ռիսկերը գիտակցելով գնում ենք այս փոփոխությունների, որովհետև մեզ համար այս պրոցեսում ամենակարևորը վստահությունն է, որովհետև մենք պետք է փոխենք այդ ռեժիմը, երբ կառավարությունը և հանրությունը միմյանց նկատմամբ անվստահության կանխավարկածով են առաջնորդվում: Այսօր կա վստահություն քաղաքական մակարդակում և պետք է լինի վստահություն նաև տնտեսական մակարդակում: Այո՛, և մենք պետք է վստահենք քաղաքացիներին և մեր քաղաքացիները պետք է վստահեն կառավարությանը և նրա մտադրություններին»,- ասել է վարչապետը: