Շվեդիան առաջարկել է ԻՊ ահաբեկիչներին դատելու համար ստեղծել միջազգային դատարան
Շվեդիան առաջարկում է տարածաշրջանում ստեղծել միջազգային տրիբունալ, որպեսզի դատեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին ռազմական հանցագործության համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Շվեդիայի ներքին գործերի նախարար Միքաէլ Դամբերգը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես Եվրամիության մի քանի երկրում, ինչպես Շվեդիայում, ԻՊ ահաբեկիչներին վերցնելու որևէ ծրագիր չկա։ Եթե տարածաշրջանում գործի միջազգային տրիբունալ, դա կթեթևացնի վկաների հետ կապված, ապացույցները հավաքելու և հարցաքննություններ անցկացնելու խնդիրը»,- ասել է նա։
Կառավարության հանձնարարությամբ, Դամբերգը բարձրացնում է այս հարցը Բրյուսելում գործընկերների հետ հանդիպմանը։ Բայց նա մտադիր չէ ներկայացնելու որևէ մոդել, թե ինչպիսի տեսք պետք է ունենա միջազգային դատարանը։ Քաղաքական գործիչը նշել է, որ Եվրապան պետք է մանրակրկիտ ուսումնասիրի տրիբունալի ստեղծման գաղափարը։