Մահացել է Պոլսո հայոց պատրիարքը
Քիչ առաջ Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում մահացել է Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը։ Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը։
Արքեպիսկոպոսը հիվանդանոցում էր մոտ 11 տարի՝ 2008 թվականից պատրիարքը կորցրել էր հիշողությունը, տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարքն է, ընտրվել էր 1998 թ-ին:
Նրան փոխարինում էր պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Եսայան Վարժարանում։ 1968 թվականին ընդունվել է Ստամբուլի Անգլիկան վարժարանը և 1973 թվականին ավարտել այն։ 1973-1975 թվականներին սովորել է Շտուտգարտի Ամերիկյան քոլեջի գեղարվեստի և պատմության ֆակուլտետում։ 1975-1979 թվականներին ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Թենըսի նահանգի Մեմփիսի պետական համալսարանում` հետևելով փիլիսոփայության դասընթացներին։Մասնակցելով Թենըսի նահանգի Էփիսքըփըլ (Անգլիկան) թեմի քահանաների համար հատուկ աստվածաբանության և եկեղեցագիտության դասընթացներին։ 1977 թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ։
Նույն թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա `վերանվանվելով Մեսրոպ աբեղա։ 1979-1982 թվականներին սովորել է Երուսաղեմի համալսարանում՝ ուսանելով սուրբգրային հնագիտություն, միաժամանակ դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում` Հին Կտակարանի ներածություն և անգլերեն։ 1982 թվականին Երուսաղեմում ստանձնել է մագիստրոսի գիտական աստիճան։
Այնուհետև վերադարձել է Ստամբուլ և աշխատանքի անցել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանում՝ որպես քարտուղար։ 1983 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ «Սուրբ Գիրք և ավանդություն» թեմայով։ 1986 թվականին պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ և ստացել ծայրագույն վարդապետության աստիճան։ 1988-1989 թվականներին սովորել է Հռոմի Ս. Թովմա Աքիվինացու անվան համալսարանում, և 1990 թվականին նշանակվել Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովների ատենապետ։ 1990 թվականին նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների պատրիարքական փոխանորդ։
1998 թվականի հոկտեմբերի 14-ին Պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։ 2003 թվականին Վաշինգտոնի Սենտ Մերի համալսարանի կողմից արժանանցել է պատվավոր դոկտորի կոչման։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան