Ասացեք «Ո՛չ» կանանց նկատմամբ բռնություններին․ ԵԽ ուղերձները Մարտի 8-ի առթիվ
Այսօր՝ Մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրենց ուղերձներն են հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քատուղար Թորբյորն Յագլանդն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն։
Յագլանդն իր ուղերձում ասել է, որ հասնում ենք մեր կենսական նպատակին՝ վերջ դնելու կանանց նկատմամբ բռնությանը, սակայն առավել մեծ առաջընթաց է հարկավոր։
«2011թ․-ին կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ԵԽ Ստամբուլի կոնվենցիայի ստորագրումը ապացուցել է իր մեծապես արդյունավետ ու ճանաչված իրավական փաստաթուղթ լինելը։ Մինչ այժմ 33 երկրների կողմից վավերացմամբ՝ Ստամբուլի կոնվենցիան պահանջում է կանանց նկատմամբ, ընտանեկան, սեռական, հոգեբանական բռնության քրեականացում ու իրավական կարգապահական պատասխանատվություն»,-ասել է Յագլանդը՝ նշելով, որ Ստամբուլի կոնվենցիան դեռևս չեն ստորագրել Ադրբեջանն ու Ռուսաստանը, ևս 11 երկիր ստորագրել է, սակայն դեռևս չի վավերացրել այն, որոնց թվում է նաև Հայաստանը։
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն կոչ է արել խիստ գործողություններ ձեռնարկել կանանց նկատմամբ սեքսիզմի ու բռնության դեմ պայքարում։
«Այն, ինչ բացահայտեց #MeToo (Ես նույնպես, խմբ․ Հոլիվուդում կանանց նկատմամբ սեռական բռնությունների զոհերի կողմից սկսված շարժում) շարժումը, սառցաբեկորի միայն գագաթն էր։ Սա կանանց նկատմամբ բռնության բազմաթիվ դեմքերից միայն մեկն է՝ սկսած սեքսիզմից ու ոտնձգություններից՝ մինչև ֆիզիկական բռնություն, ծեծ, բռնաբարություն ու սպանություն»,-ասել է Պասկիեն։
Պասկիեն նշում է, որ կանանց նկատմամբ բռնությունն արմատախիլ անելու համար մեզ անհրաժեշտ է, որ կանայք ու տղամարդիկ ամենուրեք ամուր դիրքորոշում հայտնեն, քաղաքականության մեջ լինեն մեծ թվով կանայք, ու լինեն իրավական ուժեղ գործիքներ։
«Կանանց նկատմամբ բռնությունն ամենուրեք է։ Այն ազդում է բոլոր ոլորտների վրա՝ ստվերելով մեր ժողովրդավարական հասարակությունների հիմքերը։ Այդ իսկ պատճառով ես Ձեզ հրավիրում եմ Կանանց միջազգային այս օրը համախմբվել՝ կանանց նկատմամբ բռնությանը վերջ դնելու համար՝ հայտարարելով՝ Ոչ իմ տանը, Ոչ իմ քաղաքում, Ոչ իմ գրասենյակում, Ոչ իմ համալսարանում, Ոչ իմ հիվանդանոցում, Ոչ իմ գործարանում, Ոչ իմ երկրում, Ոչ իմ դասարանում, Ոչ իմ հարևանությամբ․․․»,-ասել է Պասկիեն։
Նշենք, որ ԵԽԽՎ նախագահը նաև սկսել է «Ոչ իմ խորհրդարանում»՝ #NotInMyParliament, ակցիան, որի նպատակն է վերջ դնել խորհրդարաններում կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններին ու բռնություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան