Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.
«Սրտի խոր ցավով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ Մեսրոպ արք․ Մութաֆյանն ուսերին տանում էր իր ժողովրդին և հավատքին ծառայելու խաչը: Նա ոչ միայն Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ սպասավորներից էր, այլև, որպես Պոլսո հայոց 84-րդ պատրիարք, Հայաստանից դուրս գտնվող մեր հոգևոր սյուներից մեկը, որի վրա հենվում էր մի ողջ ստվարաթիվ համայնք՝ իր լեզվապահպանության ու հավատապահպանության խնդիրներով:
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը քրիստոնեական հավատքի նվիրյալ էր, ով հոգևոր հանձնառությունը վերածեց սրբազան պարտքի առ ժողովուրդ և առ Աստված: Նա պոլսահայ համայնքի նոր պատմության անբաժանելի մասն էր: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Պոլսո Հայոց պատրիարքարանում, Հայաստանում և արտերկրում, մեր զրույցները հայոց եկեղեցու և մեր պատմության շուրջ:
Այս ծանր կորստի կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, միաբանությանը, կրոնական ժողովին, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի անդամներին և համայն Թուրքիայի հայությանը:
Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում նաև Մեսրոպ արք․ Մութաֆյանի հարազատներին ու մերձավորներին»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն իր գործունեությամբ վայելել է բարձր հեղինակություն
- Էրդողանը Պոլսո պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ թվիթերում ցավակցել է հայերեն
- Գարո Փայլանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
- Էրդողանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
- Մահացել է Պոլսո հայոց պատրիարքը