Հայկական Ժամանակ. Արցախի ապագա կարգավիճակը բանակցությունների առանցքային հարցն է
Հայկական Ժամանակ օրաթերթը գրում է.
«Ով և ինչու է շուռ տալիս խաղատախտակը
Քաղաքական ու փորձագիտական շրջանակներում մտահոգություններ են հնչում, թե դարաբաղյան բանակցությունների այս փուլում Հայաստանի իշխանությունները ձախողվել են, որովհետեւ Ալիեւն ըստ էության մերժել Է Փաշինյանին ու հայտարարել, թե բանակցությունների ձեաչափը չի կարող փոխվել (այսինքն իրենք դեմ են, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ):
Իրականում սա որպես ձախողում ներկայացնելն այնքան էլ ազնիվ չէ, որովհետեւ որեւէ մեկը չէր էլ ակնկալում, որ Ալիեւն անմիջապես համաձայնվելուէ: Շատ ավելի կարեւոր է այն, որ միջնորդների կարծիքով այդ հարցը նույնպես պիտի դառնա բանակցությունների առարկա:
Բայց սա դեռ մի կողմ թողնենք ու փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում, ինչ դիրքորոշում ունեն Հայաստանի նոր իշխանություններն այս հարցում, եւ ինչն է փոխվել նախկինի համեմատ: Սա հասկանալու համար դիտարկենք ընդամենը մի դրվագ: Ազգային ժողովում պատգամավորներից մեկը հարց է ուղղում Նիկոլ Փաշինյանին, թե ահա Ադրբեջանը պատրաստ է բարձր ինքնավարություն տալ Արցախին... եւ այլն, ինչպիսի՞ն է մեր դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կարող էր տրվել գայթակղությանն ու հայտարարել, թե ինքնավարության որեւէ մակարդակ անընդունելի է, Արցախը պիտի լինի անկախ, և վերջ, ու դրանով իսկ ոչ միայն բացարձակ ճշմարտություն ասած կլիներ, այլեւ արտահայտած կլիներ առանց բացառության բոլորիս կարծիքը: Բայց դրա փոխարեն նա պարզապես արձանագրեց, որ ինքնորոշման իրավունքը բանակցությունների հիմքում դրված կարեւորագույն սկզբունքներից մեկն է, եւ Ղարաբաղի ժողովուրդը պիտի կարողանա իրացնել այդ իրավունքը: Այսինքն նա, որպես Հայաստանի ղեկավար, հրաժարվեց Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշում արտահայտել:
Ինչո՞ւ
Որովհետեւ Արցախի ապագա կարգավիճակը բանակցությունների առանցքային հարցն է: Ու եթե Ադրբեջանի նախագահն ասում է, որ բարձր ինքնավարություն տալուց ավելիին համաձայն չէ, իսկ Հայաստանի վարչապետն ասում է, որ ԼՂՀ անկախությունը քննարկման ենթակա չէ, ստացվում է, որ բանակցողները Հայաստանն ու Ադրբեջանն են, իսկ Ղարաբաղն ընդամենը բանակցությունների օբյեկտ է: Իսկ այդ մոտեցումը, հասկանայի է, բացարձակապես անընդունեյի է մեզ համար:
Ի վերջո, ինչի՞ մասին է խոսքը:
Եթե Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են ԼՂՀ ապագա կարգավիճակի շուրջ (այսինքն ըստ էության բանակցում են այն մասին, թե ում պիտի պատկանի Արցախը), այդ դեպքում սա վերածվում է տարածքային վեճի: Ու առաջնային է դառնում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, որովհետեւ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտներ են' միջազգայնորեն ընդունված (եւ անձեռնմխելի) սահմաններով: Իսկ եթե ԼՂՀ ապագա կարգավիճակի հարցը բանակցվում է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Արցախի ու Ադրբեջանի միջեւ, այդ դեպքում արդեն առաջնային է դառնում ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Իսկ տարածքային ամբողջականության սկզբունքն արդեն տարածվում է ինքնորոշված Արցախի եւ Ադրբեջանի վրա' հավասարապես: Հենց սա է պատճառը, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները, ի տարբերություն նախորդների, Արցախի ապա-գա կարգավիճակի վերաբերյալ կանխորոշիչ հայտարարություններ չեն անում (այսինքն' այդ հարցով չեն բանակցում):
Պարզ ասած' ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմի գործունեության մեջ իրականացվում է դիրքորոշումների հստակեցում, կամ, եթե կուզեք, «աշխատանքի բաժանում»: Ըստ դրա' Արցախը պիտի փորձի իրացնել լիակատար ինքնորոշման իր իրավունքը, իսկ Հայաստանը պիտի.
1. իր բոլոր կարողություններն օգտագործելով թույլ չտա, որ Արցախի ժողովր-դին իր կամքին հակառակ որեւէ կարգավիճակ պարտադրվի,
2. ռազմական ագրեսիայի դեպքում իր բոլոր (ռազմական, մարդկային, նյութական, միջազգային-դիվանագիտական եւ այլ) կարողություններով կասեցնի այդ ագրեսիան ու ապահովի Արցախի անվտանգությունը:
Ըստ երեւույթին հենց այս մոտեցումն է, որ փակուղի է մտցրել ադրբեջանական կողմին ու ստիպել վերադառնալ կոշտ հռետորաբանությանը: Որովհետեւ «խաղատախտակը շուռ տալու» ցանկությունը, որպես կանոն, հակափաստարկների բացակայության ապացույց է»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին