Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ. Վավերացումը չի ուշանա
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին` Արարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների կողմից փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը:
Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Արևելյան գործընկերության 10-ամյակին ընդառաջ Շվեդիայում համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը շոշափելի հանգրվանի կհասնի:
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակն այս առթիվ նշել է, որ վավերացման գործընթացն իրականացվում է իր երկրի ներքին ընթացակարգերին համապատասխան և հավաստիացրել, որ խորհրդարանի կողմից վավերացումը չի ուշանա:
Արարատ Միրզոյանը կարևորել է Շվեդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը` նշելով, որ վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դրական դինամիկա է նկատվում, այդ թվում` միջխորհրդարանական կապերի խորացման առումով: Այս համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ ձեւավորման փուլում է Հայաստան-Շվեդիա բարեկամական խումբը:
Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ Շվեդիա այցի պաշտոնական հրավերը: