Փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բժշկական ծառայությունների սակագների 2.7% աճ
ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.1% նվազում:
Մարդատար տրանսպորտային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով: Միաժամանակ, կենցաղային սարքերի նորոգման, հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների, սպասարկման ծառայությունների (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ) սակագներն աճել են 0.2%-ով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0.3%-ով, բժշկական ծառայություններինը՝ 2.7%-ով, իսկ կապի, վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների, կրթության, իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.6-0.2% գնանկում, իսկ 2-ում՝ 0.2-0.6% գնաճ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ