Մեկ տարում բենզինի գները նվազել են 9.6%-ով
2019թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնանկում: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, հագուստի և տարբեր տեսակի կոշկեղենի ապրանքախմբերում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.7% գնանկում և 5.3% գնաճ, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 1.9% և 2.3% գնանկում:
2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների՝ 1.1%, դեղագործական ապրանքների՝ 0.4%, կենցաղային և այգեգործական գործիքների 0.2% գնանկում:
Դրան զուգընթաց, գորգերի և հատակի ծածկերի գներն աճել են 0.1%-ով, գրասենյակային պարագաներինը՝ 0.7%-ով, ոսկերչական զարդերինը՝ 0.7%-ով, կահույքինը և կահավորանքինը՝ 0.8%-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 1.5%-ով, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու ապրանքախմբինը՝ 1.6%-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 1.8%-ով, իսկ վառելանյութի և քսայուղերի, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.5% գնանկում և դիզելային վառելիքի 0.4% գնաճ:
2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 9.6% և 5.2%-ով, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 7.1% և 5.3%-ով: