ԱԳՆ. Ստանիսլավ Զասի՝ Հայաստան այցի մանրամասները հստակեցված չեն
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ հնչող հայտարարություններին ու զարգացումներին։
Հարց- Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պահանջելով արագացնել իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը: Արդյո՞ք Հայաստանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն:
Աննա Նաղդալյան-Շատ հետաքրքիր էր հետևելու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամկետ դադարեցման հետ կապված քննարկումներին և տարբեր կանխագուշակումներին, երբ ականատես եղանք, թե մեր հասարակությունում նաև ինչպես գերագնահատվեց կառույցի «գլխավոր մենեջերի» պաշտոնը և ինչպես դա հավասարեցվեց կառույցում Հայաստանի նախագահության հետ: Այժմ կարծես թե թևակոխել ենք առավել կշռադատված և համապարփակ վերլուծությունների դաշտ:
Գլխավոր քարտուղարը կառույցի բնականոն գործունեությունը կարգավորող պաշտոնյան է, ով հետևում է նաև կառույցի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով կայացված որոշումների կատարման ընթացքին:
ՀԱՊԿ անդամակցելու ողջ ընթացքում մշտապես ընդգծել ենք կազմակերպության կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում, ուստի մեր առաջնահերթությունն է քննարկումների և սերտ համագործակցության միջոցով բարձրացնել կառույցի հեղինակությունը և գործունեության արդյունավետությունը: Այդ պրիզմայով էլ պետք է դիտարկել Հայաստանի քայլը՝ ուղղված կառույցի առանձնացմանը երկրի ներիրավական գործընթացներից:
Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հնչել է բազմիցս և ամենատարբեր մակարդակներով. ՀԱՊԿ հիմքում ընկած է անդամ վեց պետությունների համար ընդունելի՝ կոնսենսուսային որոշումների ընդունման համակարգը: Խնդիրը որևէ գործընթաց արագացնելու կամ դանդաղեցնելու մեջ չէ, խնդիրը բոլորի համար ընդունելի որոշումների կայացմամբ կառույցի արդյունավետության բարձրացումն է, իրավական կարգավորում չունեցող իրավիճակների բացառումը: Այս հարցում մենք սերտորեն համագործակցում ենք բոլոր անդամ պետությունների հետ և աշխատում կոնսենսուսային լուծում գտնելու ուղղությամբ: Ընդ որում ընդգծեմ, որ կառույցը մեր գնահատմամբ անկախ ամենից բնականոն և արդյունավետ աշխատում է, պետությունների սերտ համագործակցությամբ, և քարտուղարությունն անխափան իրականացնում է իր պարտականությունները:
Հարց-Ստանիսլավ Զասը նաև հույս էր հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետի հետ: Արդյո՞ք Երևանը նախատեսում է նման հանդիպում:
Աննա Նաղդալյան-Մենք համագործակցության ոգով ենք տրամադրված, և երբ կհստակեցվեն Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի այցի պահը, ժամկետները և կազմակերպչական մանրամասները, հանրությունն այդ մասին անպայման տեղյակ կպահվի: Բելառուսի հետ ունենք բավականին հագեցած օրակարգ, որի անբաժանելի մասն են կազմում երկկողմ փոխայցելությունները:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ԱԳՆ պաշտոնական էջում։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ում անառողջ վիճակ է ստեղծվել. Լուկաշենկո
- Դավիթ Տոնոյան. Բացառում եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի առանց ՀՀ համաձայնության
- Կարասին. ՀԱՊԿ-ը պետք է դինամիկ կերպով զարգանա
- ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարման մեջ վակուում չկա. Պեսկով
- «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի
- Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել
- ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
- Սեմերիկով. Հույս ունենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ ձևաչափում
- Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասին նշանակելու փաստաթուղթը
- Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու նմասին որոշման նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան