Հունվարին ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է, ՀԷԿ-երինը՝ աճել
2019 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 612.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 26.3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ վիճակագրության՝ հունվարին ՋԷԿ-երի արտադրության ծավալները կրճատվել են 61%-ով և կազմել 164.4 մլն կՎտ ժամ, իսկ նախորդ տարվա հունվարին արտադրվել է 421.4 մլն կՎտ ժամի էլեկտրաէներգիա: Ջերմային էներգիայի արտադրությունն էլ նվազել է 36.2%-ով՝ կազմելով 3.7 հազար հեգաջոուլ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ աճել են 21.3%-ով՝ կազմելով 154.6 մլն կՎտ ժամ։
Այս տարվա հունվարին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 291.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4%-ով:
Արևային էլեկտրակայաններն էլ մեկ ամսում արտադրել են 0.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3 անգամ: