«Պետությունը հաշվարկել և հասկացել է, որ կարող է իր վրա վերցնել քաղցկեղի վիրահատության մասով բեռը»
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում էր, որի մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Օրակարգային հարցերից մեկը քաղցկեղի վիրահատության համավճարի մասին հարցն էր։
«Ես երբեք չեմ խոսել քաղցկեղի լիովին անվճար բուժման մասին: Մենք ընդամենն ասել ենք, որ քաղցկեղի վիրահատությունների համավճարը կվերանա: ՀՀ բյուջեով միշտ հայտարարվել է, որ քաղցկեղի բուժումը պետպատվերով է իրականացվում: Պետպատվերի հրահանգների մեջ գրված է, որ քաղաքացին վճարում է բուժման 80 տոկոսը, իսկ պետությունը՝ 20 տոկոսը: Մենք ընդամենը վիրահատության համավճարի մասը, որը նախկինում վճարում էր քաղաքացին, վերցրել ենք մեզ վրա՝ ունենալով հաշվարկ, թե տարեկան նման քանի վիրահատություն է արվում Հայաստանի բուժհաստատություններում, և թե որքան բյուջետային աճ ունենք 2019 թ. համար»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ իրենք ընդամենը քաղաքացիների վրա դրված օրինական բեռն են հանել:
«Պետությունը հաշվարկել է վիրահատությունների գները և հասկացել է, որ կարող է իր վրա վերցնել վիրահատության մասով բեռը: Սակայն ճառագայթային բուժման և քիմիոթերապիայի բեռն ավելի բարձր է եղել, և պետությունն ի վիճակի չի եղել իր վրա վերցնել ամբողջությամբ: Մարդիկ կշարունակեն դեռ համավճարով գումար ծախսել քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի, այլ դեղորայքային բուժումների վրա: Սակայն եկող տարի միանշանակ կանդրադառնանք նաև քիմիա ու ճառագայթային բուժումներին»,- ասաց նախարարը։
Նա հայտնեց, որ այս տարի 200 մլն դրամ լրացուցիչ գումար են հատկացրել նորագույն ճառագայթային բուժմանը. «Նորագույն գծային արագացուցիչով ճառագայթային բուժումը երբեք Հայաստանում անվճար չի եղել: Այդ գումարը մոտավորապես կբավականացնի Հայաստանում բուժում ստացող 200-300 հոգու համար: Սա սկիզբն է, մյուս տարի այդ թիվը կավելացվի»։
Ինչ վերաբերում է մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծառայություններին, Թորոսյանն ասաց, որ մի մասը պետությունն իր վրա է վերցնում. «Մենք որոշել ենք քիմիաթերապիայի ամեն կուրսի համար տրվող գումարը՝ 150 հազար դրամ, դարձնել 250 հազար դրամ: Այս դեպքում հիվանդի ծնողից չեն ուզի կատետր, փոխարինվող այլ պարագաներ, պալատի գումար և այլն»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մանկական քաղցկեղն այն չարիքն է, որը հաղթահարելու համար պետք է միավորել բոլորի ջանքերը. Ռայա Սաաբ
- Մանկական քաղցկեղի բուժումը՝ մեկ վայրում
- Քաղցկեղը դատավճիռ չէ. միշտ պետք է առաջ նայել