Բազմաստանդարտ Հայաստանս
Մենք հո մի 500-1000 տարվա ազգ չե՞նք, որ ապրենք միակ կամ երկակի ստանդարտներով: Մեր թափն ուրիշ է... գործում է հազար ստանդարտ 10 միլիոնանոց հայության համար: Շուտով երևի յուրաքանչյուրն իր ստանդարտին համապատասխանող գույնով ID քարտ կստանա՝ սև, սպիտակ, երկնագույն, վարդագույն, անգույն: Անգույնները նրանք են, ովքեր գունափոխվում են պահին համապատասխան: Գուցե հարգանքի արժանի չեն, բայց հենց նրանք են այն մեծ զանգվածը, որը կուռքեր է սարքում, հետո էլ խորտակում է նրանց:
Այս զանգվածին առանձնապես չեն անհագստացնում իշխանական ստերն ու բազմակի ստանդարտները... անշուշտ, մինչև իր մաշկին չի կպչում: Ա՛յ, այդ դեպքում տրամադրվածության փոփոխությունը շատ հանկարծակի կարող է լինել: Օրինակ՝ եթե նոր կուռքերի ընդունած օրենքներով մարդը պատժվի իր երեխային թմրամոլության կամ միասեռականության քարոզն արգելու համար: Թերևս չէինք հասնի սրան, եթե որոշիչ այդ զանգվածը միտումնավոր կերպով (կամ գուցե իրոք չե՞ն տեսնում) աչք չփակեր գրեթե ամենուր գործածվող երկակի ստանդարտների վրա:
Այսօր Հայատանում այդ զանգվածն է թույլ տվել իշխանություններին գործի դնել գրեթե անձնավորված ստանդարտներ (հիշենք թեկուզ բռնել-բաց թողնելու կամ խափանման միջոցների ընտրության խիստ անհատական մոտեցումները) , և ինքն էլ պետք է զրկի այդ իրավունքից: Չէ որ 10 ամիս շարունակ Հայաստանում կատարվող բազմաթիվ քայլեր պայմանավորվում և արդարացվում են «հանրային պահանջ» հեղհեղուկ հասկացությամբ: Այդ անհասցե հանրային պահանջով վերաբացվեց նաև Մարտի 1-ի գործը, որտեղ կիրառվող ստանդարտները խփեցին-անցան հնարավոր բոլոր սահմանները ոչ միայն դատաքննչական տեսանկյունից:
2019-ի մարտի մեկին ՀՀ վարչապետն իր ուղերձում պետության անունից ներողություն խնդրեց 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից:
Հիանալի է: Նման հայտարարությունից հետո տրամաբանական է ենթադրել, որ գնահատականները պետք է տրվեն սկսած 1990-ից Հայաստանում կատարված բոլոր հանցագործություններին՝ մի քանի տասնյակ սպանություններին, ՀՅԴ գործունեության կասեցմանը, դատաիրավական կամայականություններին, էներգակիրների թալանին, 1995-ից սկիզբ առած ընտրակեղծարարությանը, 1996-ին ժողովրդի դեմ հանած տանկերին և այլն, և այլն........ հետո միայն հասնել հետագա տարիներին: Եթե կատարսիսը չի սկսվում այդ ժամանակներից, այլ որպես մաքրագործման դրսևորում ընտրվում է լոկ մեկ ամսաթիվ և մեկ մեղավոր, ապա այս դեպքում ևս կիրառվում են բազմակի ստանդարտներ, և հայտարարությունը մնում է պահին պատշաճող խոսք, և ոչ ավելին: Մեծ լավատեսության դեպքում կարելի է մտածել, որ դրանց հերթն էլ կհասնի, բայց հիմա ունենք միայն Մարտի 1-ը, որը դեռ երկար ժամանակ կմնա կարևոր լուրերի եռյակում. չէ որ առջևում դատն ու բողոքարկումները կան, ՄԻԵԴ-ի վճիռներ կան... Սա այն դեպքն է, երբ «մի գիժ քարը գցում է փոսը, հազար խելոք չեն կարողանում հանեն»:
Ի դեպ, դիրքորոշումների բավականին հետաքրքիր փոխակերպումներ են դիտվում Մարտի 1-ի գործի հռետորաբանության մեջ: Հունվարի 29-ին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք քրգործ հարուցել էքս-նախագահի դեմ իրադարձություններից 10 տարի անց, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չպետք է լինեն սահմանափակումներ, երբ խոսքը մարդկային կյանքերի մասին է: Հարկա՛վ: Բայց մարտիմեկյան հայտարարության մեջ արդեն «բռնությունների ու ապօրինությունների հիմնական եւ թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր. նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը»: Հապա ո՞ւր մնացին կոնկրետ դեպքերի բացահայտումները, ինչին ըստ էության, սպասում էր հանրությունը:
Պատասխանը թերևս պետք է գտնել տեր-պետրոսյանական կարկառուն կադրերի ՝ Անդրանիկ Քոչարյանի և Գագիկ Ջհանգիրյանի խոսքերում, երբ Հ1-ով հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարում են, որ կարևորը ընդհանուր համայնապատկերի, ամբողջ շղթայի, բուրգի բացահայտումն էր , և պետք չէ փնտրել կրակող-սպանողներին, քանի որ իշխանության գործողությունները հանգեցրին մարտի 1-ին զոհերին: Ուրեմն, նույն տրամաբանությամբ առաջնորդվելով՝ մեղադրանք պետք է առաջադրել նաև ԼՏՊ-ին, քանի որ իր իշխանության տարիներին ի՛ր գործողությունների արդյունքներն են հանգեցրել բազմաթիվ քաղաքական սպանությունների։ Թե կիրառելի չէ՞ նույն ստանդարտը տարբեր էքս-նախագահների համար, որովհետև ներկայիս վարչապետը 2008-ին կանգնած էր եղել նրանցից մեկի կողքին: Բազմակի ստանդարտներով քաղաքականություն վարելը ցույց է տալիս, որ լուրջ հիվանդության հետ գործ ունեք՝ անձի, համակարգի, պետության...
Երբևէ հետ կանգնելո՞ւ ենք «ինձ կարելի է, քեզ չի կարելի» կործանարար մտածելակերպից, երբևէ հասկանալո՞ւ ենք, որ պառակտումն ու թշնամությունը մեզ հակացուցված են: Չինաստանի պես մարդաշատ լինեինք՝ ամեն կլանից մի 100 հոգու կգնդակահարեինք, և դասեր քաղած ու հետևություններ արած՝ մաքուր էջից կմտնեինք զարգացման նոր փուլ: Բայց չե՛նք կարող, իրավունք չունենք... մենք թվով շատ քիչ ենք, եթե սկսենք իրար վերացնել, լրիվ մի բուռ կդառնանք ու կվերանանք: Մեր երկու հարևաններն էլ աչքերը չորս արած հենց դրան են սպասում:
Լիա Իվանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին