Ջեյմս Ապաթուրայ. ԼՂ հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ
ՆԱՏՕ-ի գնահատականն աներկբայորեն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարող է հանգուցալուծվել։ Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
«Այս հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ և սա այն ուղերձն է, որը մենք փոխանցում ենք, ու ես անձամբ բոլոր կողմերին հայտնել եմ դա»,- ընդգծեց նա։
Ջեյմս Ապաթուրայի խոսքով, ՆԱՏՕ-ն այդօրինակ հակամարտությունների լուծմանը չի մասնակցում և չի միջամտում, բայց, անհերքելի է, իհարկե, որ խաղաղությունն ու անվտանգությունն այս տարածաշրջանում ուղղակիորեն հետաքրքրում է ՆԱՏՕ-ին և շատ կարևոր է իրենց գործընկերների տեսակետից ու դաշնակիցների համար։
Նա ասաց, որ իրենց խրախուսում և քաջալերում է, որ նոր կառավարությունը նոր ջանքեր է ներդրում քաղաքական գործընթացի մեջ ու բանակցությունների ընթացքին միտված է։
«Մեզ նաև քաջալերում է շփման գծի երկայնքով փոխադարձ հրաձգության շոշափելի նվազեցումը, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք ներդրվել են ոչ միտումնավոր էսկալացիան կանխելու նպատակով»,- ասաց Ջեյմս Ապաթուրայը։
Նա նշեց, որ իրենք սատարում են Մինսկի խմբի աշխատանքներին։
«ՆԱՏՕ-ն բացարաձակապես և հաստատակամորեն պնդում է, որ այս հակամարտությունը միայն ու միայն խաղաղ ճանապարհով կարող է լուծվել»,- կրկնեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։