Թավշյա իշխանության դեմքն ու դիմակները
Անկարևոր դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, դառնում են լուր, և լրահոսում կորում են իրադարձություններ, որոնք ամփոփում են թավշյա իշխանության ողջ կեղծիքը։ Շաբաթվա սկսզբին, օրինակ, տեղեկություն հայտնվեց, որ ԱԱԾ-ն ՊՎԾ 2 օդիոզ պաշտոնյաների կալանավորելուց հետո նախաձեռնել է նաև ՊՎԾ պետի ձերբակալությունը։ Անհապաղ նաև լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է արգելել Դավիթ Սանասարյանի կալանքը։ Մինչ այդ էլ կանխատեսումներ էին շրջանառվում, թե թույլատրելի «կարմիր գծերն» անցած և թավշյա վարչապետին ծայրահեղորեն զայրացրած ՊՎԾ պետը շռինդով պաշտոնազրկվելու է։
Շաբաթն ավարտվեց, բայց չեղավ թեմայի զարգացում, չեղան հաստատումներ կամ հերքումներ։ Եվ անկարևոր դեպքերի աշխույժ քննարկումների հարահոսում թեման «մեռավ»։ Թեև` արձանագրվել է, որ թավշյա վարչապետն անձամբ է միջամտել իրավապահ մարմնի աշխատանքին։ Այսինքն, լրատվամիջոցները հստակ փաստ են հայտնել, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարը կամային հրահանգով թույլ չի տվել` ԱԱԾ-ն կատարի օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Այս կերպ չորրորդ իշխանությունն ըստ էության բացահայտել է, որ մեր երկրի վարչապետը խոչընդոտել է պետության տնտեսական անվտանգության նկատմամբ հանցավոր ոտնձգության և կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ անզիջում ու հետևողական պայքարը։
Եվ սա այն դեպքում, երբ լրատվամիջոցները, մեկը մյուսին հերթ չտալով` պնդում էին, որ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ու քննչական հանգամանալի գործողությունների արդյունքուն ԱԱԾ-ն կոնկրետ տվյալներ է ձեռք բերել։ Ըստ այդմ` ՊՎԾ բարձր պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը, ապօրինի միջամտել են պետական գնումների գործընթացին, շահադիտորեն խոչընդոտել են օրինական ձեռնարկատիրական գործունեությունը, բիզնեսը խլելու նպատակով հանցավոր համաձայնություններ են կայացրել։
Այսինքն. երկրի սահմաններից դուրս ժողովրդավար ու օրինապաշտ ներկայացող և արևմտյան իր ստնտուներին «Հայաստանում ոչ ոք չունի իրավապահների գործերին միջամտելու իրավունք» ու համանման կեղծ հավաստիացումներով սիրաշահող Փաշինյանը ներսում դարձյալ առաջնորդվել է «կա՞ դատավոր, որ իմ ասածին չէ՛ ասի» հանցավոր սկզբունքով։ Բացահայտ է, որ նա չարաշահել է իր պաշտոնը, հովանավորել է կոնկրետ կոռուպցիոն սխեմա և կոռուպցիոն նոր ռիսկեր է առաջացրել։ Մինչդեռ, սա կոռումպացված պետական վերնախավը ներկայացնող համապատկերի միայն մեկ դրվագն է։
Այս դրվագից երևում է, որ արագ պառակտվող թավշյա իշխանության մեջ իշխանություն պահել-խլելու անզիջում պատերազմ է ծավալվել։ Տվյալ դեպքում պատերազմը ԱԱԾ-ի ու ՊՎԾ-ի միջև է։ Անմիջապես պետք է արձանագրել, որ և՛ ԱԱԾ-ի և՛ Վանեցյանի դեմ ո՛չ միայն ողջ ՊՎԾ-ն` իր Սանասարյանով, այլ նաև Փաշինյանն է անզոր։ Վանեցյանին պաշտոնազրկելու միջոցով անգամ` թավշյա վարչապետը չի լուծի ոչ մի խնդիր, բայց կբարդացնի ի՛ր վիճակը։ Մինչդեռ Սանասարյանը սորոսյան ծագմամբ, կենսագրություն ու կրթություն չունեցող, մի քանի արևմտյան դասընթացներ ու հավաքագրումներ անցած 10-ամսյա չինովնիկ է։ Այսինքն. իրավաբանությունից ու տնտեսագիտությունից բոբիկ վերահսկիչ, որ «պարգև» է ամեն վերհսկվողի համար, քանի որ նրան կարելի է ուզած ձևով և՛ խաբել, և՛ օգտագործել, և՛ կերակրել ու դարձնել ձեռնասուն։ Նման մարդուն ՊՎԾ պետ նշանակելն ինքնին կոռուպցին համակարգ հիմնադրելու ու հովանավորելու ճչացող քայլ է։
Անշուշտ, Փաշինյանը խոցելի է Սանասարյանի համար, քանի որ հենց ՊՎԾ պետի միջնորդությամբ են անցած ամիսներին կատարվել գլխավոր կոռուպցիոն գործարքները և թավշյա վարչապետի հաշվեհամարներին ու ընտանեկան հիմնադրամներին փոխանցվել փայաբաժինները։ Թեև ԱԱԾ-ն ՊՎԾ պետի դեմ անհերքելի ապացույցներով հաստափոր դոսյե ունի, բայց Փաշինյանը վախենում է նրան պաշտոնանկ անել ու քրեական վարույթ թույլատրել, քանի որ չի կարողանում գտնել Սանասարյանի շանտաժից խուսափելու տարբերակը։ Նաև` ՊՎԾ պետին խաղից հանելուց հետո թավշյա վարչապետն ստիպված է լինելու անձամբ ստանձնել ծանրակշիռ գործարարների ու ազդեցիկ քրեական հեղինակությունների հետ իր անունից «ձեռք բերված պայմանավորվածությունները» կատարելու բեռը։ Իսկ վերջիններս կատակել չեն սիրում։
Իհարկե, Փաշինյանը կարող է թույլատրել կամ արգելել դոսյեի հրապարակումն ու Սանասարյանի վարկաբեկումը, բայց գործնականում անկարող է կանխել գրեթե անխուսափելի տեղեկատվական արտահոսքը։ Մի դեպքում թավշյա վարչապետը պրոբլեմներ կունենա կառավարությունում` որտեղ հակասանասարյանականներն են մեծամասնություն։ Մյուս դեպքում ՔՊ առաջնորդը պրոբլեմներ կունենա ԱԺ-ում, որտեղ ազդեցիկ ու անկառավարելի են սորոսական խմբավորումները։ 2 դեպքում էլ Փաշինյանը կստանա կադրային նոր պրոբլեմներ, ինքնուրույնության կորուստ ու աննախադեպ կախվածություն։
Ինքնին հասկանալի է, որ կառաջանա իշխանական պառակտմնա նոր օջախ, կսրվի քպական-սորոսական հակամարտությունը։ Սորոս քեռին էլ արևմտյան կառույցների ու գործիչների միջոցով կպահանջի իր հատուցումը։ Հակամարտությունը սառեցնելը կամ չլուծելը կխթանի ներիշխանական պառակտումը ու կխարխլի Փաշինյանի առանց այն էլ հեղհեղուկ իշխանության հիմքերը։
Կառավարության վերջին նիստին թավշյա վարչապետի անզուսպ գոռգռոցը հուշում է, որ կարող է «զոհաբերվել» առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ում հրապարակավ մեղադրեց փաստացի լոբինգի, պաշտոնը չարաշահելու, շահերի բախման մեջ։ Այդ դեպքում իրենց դիրքերը կարող են կորցնել ԱԺ նախագահը և նրա տեղակալ Ալենը։ Իսկ կառավարության հաջորդ նիստին կամ հերթական լայվով Փաշինյանն այլ բան կասի ու կթուլացի այլոց։
Այսպիսով. ակնհայտ է դառնում, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, այլ ընդամենը իշխանափոխության միջոցով պետական պաշտոնների են տիրացել հավակնոտ երիտասարդներ, որոնց միակ նպատակը` պաշտոնով հնարավորինս արագ ու շատ կերակրվելն է։ Պետության և ժողովրդի շահերը, նպատակները, խնդիրներն ու հոգսերը նրանց բնավ չեն հետաքրքրում, բայց դրանք ևս դարձրել են իրենց անձնական բիզնեսի առարկա, քանի որ` հայոց պետականությունը վաճառելու և ազգը դեգրադացնելու համար ևս առատորեն վարձատրվում են։
Փաշինյանի թավշյա իշխանության ճարտարապետները միտումնավոր են իրենց նախագծի հիմքում դրել էկլեկտիզմը ու այն կառուցել անգաղափար, անսկզբունք, անփորձ, հավակնոտ ու ընչաքաղց երիտասարդներից։ Միայն այսպես էր կարելի` նրանց մասնակից դարձնել մեկ արարով ներկայացման, որից հետո` ստանալով իշխանություն, նրանք կունենային կորցնելու բան, կդառնային հլու, կառավարելի և ամեն պատվեր կատարելու պատրաստ։ Հիմա պատվերը չկա` երկրորդ արարը Սորոսն ու դեսպանատունը տարբեր են տեսնում։ Ուստի թավշյա իշխանությունը վաճառում է ունեցածն ու պառակտվում է։ Այսինքն. կոռուպցիայի ու պառակտման ճանապարհով ինքնաոչնչանալու մեխանիզմը թավշյա իշխանության էկլեկտիկ հիմքում ներդրված է ի սկզբանե։
Սիմոն Գյուրջյան
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին