Դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է. Վարդանյան
«Մեզ վերջին շրջանում շատ էին մեղադրում նրանում, որ Ազգային ժողովը մատնված է անգործության, ասեմ, որ 70-ից ավելի օրինագծեր են արդեն ներկայացված, որոնցից մի մասն օրակարգում ընդգրկված է, մի մասը՝ ոչ»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ իր խոսքն այսպես սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշեց, որ պատրաստվում են շատ ակտիվ անցնել խորհրդարանական աշխատանքի մոտակա շաբաթների ընթացքում։
Այնուհետև անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը՝ ասաց. «Հայտարարությունն արտացոլում է համանախագահների կարծիքը, գիտեք բանակցային գործընթաց է, որի ընթացքում կարող են հնչել տարբեր առաջարկներ, մոտեցումներ, բայց նաև հայտնի է ձեզ ՀՀ վարչապետի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, որ բանակցային գործընթացի հիմքում պետք է այնպիսի լուծումներ որոնել, որոնք ընդունելի պետք է լինեն և ՀՀ, և Արցախի, և Ադրբեջանի համար։ Այս տեսանկյունից, իմ կարծիքով, Մինսկի խմբի համանախագահները պարզապես փորձել են ամփոփել մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը և քննարկել են այն հիմնական հարցերը, որոնք բարձրացված են եղել այն ժամանակահատվածում»։
Վարդանյանի խոսքով՝ դա դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է, այն կոչ է հակամարտող կողմերին. «Հայտարարությունը գնահատում եմ որպես փաստ, այդ հայտարարությունը նախ և առաջ պետք է չկտրել կոնտեքստից ու ամբողջ բանակցային գործընթացից, հայտարարության որևիցե դրույթ խոչընդոտ չի հանդիսանում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար։ Հայտարարությունը մտահոգիչ է, քանի որ լրացուցիչ լարվածություն է ստեղծել. մտահոգիչ չէ, քանի որ շատ դրական է, որ Մինսկի խումբը խոսում է և մենք գիտենք, որ համանախագահության շրջանում աշխատանքները շարունակվում են»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ շատ մտահոգիչ կետեր կան. Իվետա Տոնոյան
- Քաղաքագետները՝ Մինսկի խմբի հայտարարության մասին
- Մինսկի խմբի հայտարարությանը հաջորդեց ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը
- Աշոտյան. Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է
- Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանն ընդառաջ