«Հեղափոխությունը եղավ, որ մի բան լավանա, ոչ թե մտնենք խանութ՝ մենակ թանկացում»
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները։ Նրանք իրենց բողոքն են արտահայտում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի այն փոփոխության դեմ, ըստ որի՝ Հայաստանում գազավորված բոլոր ըմպելիքները կհարկվեն ակցիզային հարկով, ինչը նշանակում է, որ առաջիկայում այդ ըմպելիքները կթանկանան։
Ակցիայի մասնակիցներըն ընդգծում են, որ գնաճը լինելու է 30-40 տոկոս։
«Պայքար էր գնում շաքարի դեմ, դուրս եկավ այդ պայքարը ոչ թե շաքարի, այլ ըմպելիքի դեմ է։ Միտում եմ տեսնում, որ սա արվում է, որ շուկան մոնոպոլիզացվի։ Այլ բան չեմ տեսնում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մասնակից մի կին շարունակեց. «Նիկոլ Փաշինյանի համար պայքարել ենք, շատ կողմնակից ենք իրեն, բայց իր շուրջը հավաքել է այնպիսի մարդկանց, որ ժողովրդին վնաս են տալիս, հասարակ, բանվոր, խեղճ մարդկանց գրպանին են խփում։ Երբ ասում է տնտեսական զարգացում, ի՞նչ տնտեսական զարգացում, երբ որ մարդը չի կարողանում ապրել։ Երջանիկ Հայաստան են ուզում։ Ընդհակառակը, երջանկությունը կոտրվում է»։
Մեկ այլ քաղաքացի ընդգծեց, որ մոնոպոլիաներ են ստեղծում, այնպես է արվում, որ մարդ ընտրելու իրավունք չունենա. «Հեղափոխությունն ինչի համար արվեց, որ մարդ ընտրելու իրավունք ունենա։ Թե, ասենք, ընտրելը միայն վարչապետ ու Ազգային ժողով ընտրելն է։ Ընտրելը նաև այն է, որ մարդ մտնի ու խանութից ընտրի, ինչ ուզում է։ Ջանջուղազյանը եկավ, սրտի բժիշկ է դարձել, օպերացիաների մասին է մտածում, առողջապահությանը վնաս է։ Թե՞ բյուջեն լցեն... Պրեմիաները թող քիչ տան, դառը կոֆե դնողին առանձին են տալիս, սառը կոֆե դնողին առանձին, շոֆերին, շոֆերի քեռու տղուն, պահակին, պահակի հորքուրին։ Հերիք ելավ, բոլ եղավ։ Ամեն ինչ թանկացնելով չէ։ Բանանը էժանացել է։ Հասկացանք։ Երեկ ավելի թանկացավ, քան մինչև Սերժ Սարգսյանն էր։ Ով գալիս է, ավելի վատ է լինում։ Հեղափոխությունը եղավ, որ մի բան լավանա, հեշտ լինի, ոչ թե մտնենք խանութ մենակ թանկացում, մենակ թանկացում»։
Հիշեցնենք, որ համաձայն շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները։ Այսպիսով, առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։
Կառավարության մոտ էր նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նրա կարծիքով, հաճպեպ որոշում է, հետևանքները հաշվարկված չեն, կտրուկ թանկացումը բերելու է որակի իրական անկման։
«Երբ որ պետությունը գնա դեպի շաքարի պարունակման մասով առողջապահական ռեֆորմի, ինչ որ իմաստով կհասկանամ, կասեմ գործը կիսատ մի արեք, մենք շատ ավելի ռիսկային ապրանք ունենք, օրինակ յոգուրտ։ Բայց պետությունը հստակ դիրքորոշում չի հայտնում՝ առողջապահական ռեֆորմ է անում, թե բյուջեի գումար է հավաքագրում։ Ամենառիսկայինն այստեղ առողջապահական ռիսկն է»,- ասաց նա։
Բ.Պիպոյանը համոզված է, որ եթե շուկան 170 դրամանոց ապրանքի կարիք ունի, 170 դրամանոց ապրանքը հայտնվելու է, հայտնվելու է շատ ավելի ցածր որակի հաշվին։
«Եթե ուզում ենք հետ գնալ ու շուկան ողողենք տեղից ոչ լավ ապրանքի վատով, մենք խորհուրդ չենք տալիս որևէ մեկին գազավորված ըմպելիք օգտագործի, բայց երբ որ այդ գազավորված ըմպելիքը հետն էլ լինի ամենավատը, պետությանը եթե չի հետաքրքրում... Վստահ եմ, որ կհետաքրքրի»,- ասաց նա։
Քաղաքացիները պահանջում են, որ իջնեն և իրենց հետ հանդիպեն ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրանց հետ զրուցեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, խոստացավ իր գործընկերների հետ քննարկել։
«Սա նախագիծ է, սա չի նշանակում, որ ընդունվելու է միանշանակ, դեռ քննարկումներ կան։ Ուստի լավ եք անում, որ բարձրաձայնում եք», - ասաց նա։
Նա զրուցեց նաև գրավատների աշխատակիցների հետ, որոնք նունպես հավաքվել էի կառավարության դիմաց։ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 14։00-ին մարդ է հրավիրել՝ քննարկելու ոլորտի ներկայացուցիչների բողոքները։
«Ոնց որ դուք ճիշտ եք», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամ պետտուրքի փոխարեն նախատեսվում է սահմանել 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Գազավորված ըմպելիքները կթանկանան, որոշ ընկերություններ էլ կփակվեն. արտադրողները մտահոգ են
- Պիպոյանն ահազանգում է՝ գազավորված ըմպելիքների հարկումը միայն բացասական հետևանքներ է ունենալու
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան