Բարի գալուստ թավշյա իրականություն
Իրողությունները ցույց են տալիս, որ և՛ համեմատական, և՛ բացարձակ իմաստով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միանգամայն համեստ անհատ, կշռադատված ու զուսպ հավակնություններով պետական ու քաղաքական գործիչ է։ Համեստությամբ ու զսպվածությամբ նրան հաճելիորեն գերազանցում է մեր երկրի առաջին տիկինը` Նունուֆար Անուշավանի Սարգսյանը։ Նա երբեք, առնվազն` հրապարակավ, ոչ մի կերպ չի անդրադարձել իր առաջնայնությանը ու չի վիճարկել հարցը։ Մինչդեռ. հենց իշխանակալման առաջին պահից տեր և տիկին Փաշինյանները դրսևորեցին բացարձակ ու անհամեմատ չտեսություն։
Իհարկե` թավշյա վարչապետի ինքնագնահատականն ավելի բնութագրական է. գյոռմամիշություն։ Ամուսինը իշխանությանը տիրանալու առաջին օրից մինչ այսօր բոլորին փորձում է համոզել, որ ինքն է ժամանակի ու տարածության ակունքը, իսկ կինը` նախևառաջ խոստովանեց, որ իրեն միայն մեկ խնդիր է տանջում. ո՞վ է երկրի առաջին տիկինը։ Զավթեց ՀՀ նախագահի տիկնոջ տիտղոսը և, ամուսնու նման, քամում է իր յուրացրած կարգավիճակից բխող հնարավորը։ Սա մեր երկրի վերջին 10 ամիսների թավշյա իրականության կվինտէսենցիան է. բոլոր չարիքների հիմքն ու աղբյուրը։
Այն, որ Փաշինյանը չունի ուղղվածություն ու ուղղորդվում է, որ չունի ներքին քաղաքական տեսլական ու առաջնորդվում է արտաքին քաղաքական տարամետ կենտրոններից, որ չունի տնտեսագիտական գիտելիք ու սոցիալական խնդիրներ լուծելու պատկերացում, որ չի կարող ունենալ տնտեսական հեղափոխության ծրագիր ու անընդունակ է որևէ ոլորտում բարեփոխական քայլեր կատարել, որ չունի իրավաբանական պատկերացում ու յուրացրել է I, II, III ու IV` օրենսդիր, գործադիր, դատական և լրատվական ու հասարակական իշխանությունը, որ վերացրել է սահմանադրական կարգն ու հաստատել հակասահմանադրական թավշյա կարգ, որ սահմանել է իր ամբողջակալությամբ ստորակարգություն, որ չի կարողանում կառավարել ու չունի կադրային քաղաքականություն, որ խարխափում է արտաքին քաղաքական ասպարեզում ու կործանում է պետական, ազգային անվտանգությունը ... միայն ածանցյալներ են։
Օրերս ինքնակոչ առաջին տիկինը փորձեց հասարակության խղճահարությունն առաջացնել իր նկատմամբ և հանրային եթերում հայտարարեց, թե պետական բյուջեի հաշվին ուր ուզում` առաջին բորտով թռչում, ինչ ու ինչքան ուզում` սեփական կասկածահարույց հիմնադրամների ու ինչ-որ մարդկանց միջոցներով գնում է, քանի որ դա խիստ զբաղված ու պաշտոնապես պիտանի ոչինչ չանող ամուսնու հետ շփվելու միակ միջոցն է։ Հաջորդ քայլը կլինի` ամուսնու սանրվածքի ու հագուկապի փոփոխություններից առաջացած խանդով պետական կառույցները իր անձնական ցանկություններին ծառայեցնելու փաստն արդարացնելը։ Եվ այսպես շարունակ։
Մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի բոլոր ելույթները միայն մի բանի մասին էին. թե այս ու այն իշխանավորը այսպես ու այնպես պետական միջոցներ է յուրացրել կամ վատնել, ապօրինի բիզնես ունի ու հարկեր չի մուծում, ուստի` պետք է պաշտոնանկ արվի ու դատվի։ Վարչապետ Փաշինյանը, սակայն, հիմա ո՛չ միայն կատարելության է հասցրել նախկինում մատնանշած այս բոլոր ապօրինություններն ու պետական բյուջեից վատնումները, այլ նաև` կիրառում է աննախադեպ կոռուպցիոն մեխանիզմներ, յուրացրել է ողջ իշխանությունը, բայց ամնեզիայի աստիճան կորցրել է դատական պատասխանատվության, պետական պաշտոնը չարաշահելու անթույլատրելիության մասին հիշողությունը։
Երիցս ճիշտ է թավշյա իշխանության մասին մեր երկրի երկրորդ նախագահի պնդումը. «աղքատության պատճառը մարդկանց գլուխներում չէ, այլ իշխանավորների ողորմելի մտածելակերպի մեջ է։ Այնպես որ, բարի գալուստ նոր իրականություն»։ Անշուշտ, նոր` թավշյա իրականության ամենասպառնալի վտանգը Արցախի հիմնախնդիրը կարգավորելու գործում և ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ֆորմատում Հայաստանի մասնակցությունը զրոյացնելու Փաշինյանի ձգտումն է։
Այո՛, թավշյա վարչապետը չի էլ կարող ազատագրված մի թիզ հող հանձնել։ Նախ` թույլ չեն տա, ապա և` նման հնարավորություն չունի։ Նա պարտավոր է արտաքին քաղաքականություն վարել, բայց չի կարողանում ու ա՛յս կերպ է հանձնում ամեն ինչ` հրաժարվելով պատասխանատվությունից ու դավաճանորեն մենակ թողնելով Արցախը։
Նույնիսկ տպավորություն է առաջանում, որ Իլհամի հետ քիրվայության միջոցով թավշյա վարչապետը միտումնավոր է պատերազմական իրավիճակ սարքում, որ մի քանի րոպե զգա գերագույն գլխավոր հրամանատար լինելու մերկանտիլ հրճվանքը, նոր միայն` փոխադրի պետության գանձարանն ու հայդե...
Զենքի ու զորքի, բանակի ու զինվորի, երդման ու Արցախի հետ ոչ մի առնչություն չունեցած Փաշինյանը, սակայն չի կարող խուսափել ազգային դավաճանության ու անձնական արկածախնդրության պատասխանատվությունից։ Իսկ հիմա, հետևելով ստեղծված իրավիճակում Փաշինյանի Արցախ կատարած տարօրինակ այցին, Անվտանգության խորհրդի նիստի մասակիցների խնդրահարույց կազմին, Իլհամի ռեակցիային, արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավայրից փոխանցած գնահատականներին` հիշում եմ Հովհաննես Թումանյանի մարգարեական տողը. «Հենց որ իմացավ` էլ Մհեր չկա, վեր կացավ կռվով Սասունի վրա»։
Սիմոն Գյուրջյան
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին