Տիգրան Աբրահամյան. Միջնորդները փորձում են կանխել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան
Ադրբեջանն անցկացնում է լայնածավալ զորավարժություններ։ Դրանից երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է գալիս հայտարարությամբ։ Դրան հետևում է Հայաստանի ու Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնելու մասին տեղեկատվությունը։
Արցախի շուրջ կատարվող իրադարձությունների, հնչած հայտարարությունների մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։
Panorama.am-Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է մեկնարկել։ Ձեր գնահատմամբ, դա իր մեջ ի՞նչ վտանգներ է պարունակում։
Տիգրան Աբրահամյան-Ամենամեծ վտանգն այն է, որ մասշտաբային զորավարժությունները կարող են վերածվել մասշտաբային գործողությունների:
2015 թվականից սահմանի արդիականացման ուղղված պրոցեսները բերել են նրան, որ հակառակորդի բոլոր հիմնական շարժերը, կուտակումները մեր դիտարկման առանցքում են: Այս պարագայում հակառակորդի կողմից անկանխատեսելության գործոնը գրեթե զրոյացվել է:
Տարբերակներից մեկը, որում կարող է անկանխատեսելիության գործոնը «աշխատել» հետևյալն է. Ադրբեջանը որոշակի պարբերականության զորավարժություններ է ձեռնարկում սահմանի տարբեր հատվածներում: Եթե կորցնենք զգոնությունը և յուրաքանչյուր դեպքում այսպիսի մասշտաբային քայլերին ամենայն լրջությամբ չվերաբերվենք, ապա Ադրբեջանում դա կգնահատեն որպես զգոնության թուլացում, ինչը մասշտաբային զորավարժությունը մասշտաբային հարձակման կբերի:Զորավարժությունները մի քանի նպատակի են ծառայում, թերևս ներկայացրեցի ամենավտանգավորը:
Panorama.am-Հայկական կողմը հայտարարեց, զորավարժությունների մասին ծանուցում չի ստացել։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված։
Տիգրան Աբրահամյան-Ես չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ են զգուշացրել: Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ թքած ունի ցանկացած պայմանավորվածության կամ միջազգային պայմանագրի վրա, սա հերթականներից է, ուրիշ ոչինչ:
Panorama.am-Ադրբեջանի ՊՆ-ն զորավարժությունների մասին հայտարարեց Մինսկի խմբի հայտարարությունից անմիջապես առաջ։ Հայտարարությունից հետո հայտնի դարձավ Հայաստանի վարչապետը մեկնում է Արցախ՝ անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու։ Ինչպե՞ս կգնահատեք այս զարգացումները։ Կա կարծիք, որ պատերազմի նախաշեմին ենք։ Դուք համամիտ եք։
Տիգրան Աբրահամյան-Որքան ես գիտեմ, անվտանգության խորհրդի նիստն ավելի վաղ էր պլանավորվել, որովհետև այդպիսի աշխատանքների անցկացումը երկար ժամանակ է պահանջում: Մյուս կողմից, չեմ կարծում, որ այսօր այնպիսի աննախադեպ իրավիճակ է ստեղծված, որ մեկ օրվա մեջ Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու անհրաժեշտություն է ստեղծվել:Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե պատերազմի նախաշեմին ենք՝ այսպես ասեմ, դեռ ոչ, չեմ ուզում գնահատական տալ՝ մոտ ե՞նք, թե՞ հեռու, իրավիճակը կարող է շատ արագ փոխվել:Չեմ բացառում, որ Արցախի գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը նման իրավիճակի կբերի, բայց այսօրվա դրությամբ առկա վիճակն այդ հուն չտեղափոխելու ջանքերը դեռևս սպառված չեն, հուսով եմ՝ միջնորդներն այս ուղղությամբ իրենց աշխատանքները կակտիվացնեն:
Panorama.am-Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, փաստորեն Արցախը բանակցություններում չի ներգրավելու։
Տիգրան Աբրահամյան-Համանախագահները փորձում են կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիան, ինչը պայմանավորված է վերջին շրջանում պաշտոնական Բաքվի կողմից հնչեցվող կոշտ, իրավիճակը փակուղի տանող հայտարարություններով և պատահական չէ, որ համանախագահները իրենց տեքստում ընդգծված խոսում են ուժի չկիրառման սկզբունքի մասին:
Մյուս կողմից, համանախագահները հղում են անում առաջարկների, որոնց վերաբերյալ Հայաստանի իշխանությունների արձագանքն ինձ հայտնի չէ՝ նկատի ունեմ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, այս իրավիճակում զերծ կմնամ մեկնաբանություններից: Հայաստանի վարչապետը ընդհանուր գծերով ներկայացրել է այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնցով շարժվելու է, մասնավորապես Արցախի՝ բանակցությունների լիարժեք մաս կազմելու մասով: Նաև պարզ չէ, թե Ադրբեջանի՝ բանակցությունների սեղան վերադարձն ինչ օրակարգի ու առաջարկների շուրջ է:
Համենայնդեպս 2009-2012 թվականը Մադրիդյան փաստաթղթի գործընթացի մեկնարկից մինչ Կազանի տապալում ընկած ժամանակահատվածն է:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Ղևոնդյան. Չպետք է մոռանալ, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերը հաղթաթուղթ են
- Քաղաքագետ. Իմ զգացողությամբ, պատերազմի նախապատրաստական աշխատանքների վերջին փուլերի ականատեսն ենք լինում
- ՊՆ. Ենթադրվում է, որ զորավարժությունը Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում է և ճնշման փորձ
- ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո