«Բերդ բերրի» էկոկենտրոն. Բերդի հատապտուղները, փափուկ արջուկներն ու հյուրատունը մեկ վայրում
«Բերդի բերրի» ծրագրով հայտնի «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամն ու նրա ղեկավար Անահիտ Բադալյանը շարունակում են սահմանամերձ համայնքներում ապրող կանանց նոր նախաձեռնություններում ներգրավվել։
Շուկայում արդեն հայտնի «Բերդ բերրի» ապրանքանիշին է միացել «Բերդի հատապտուղները»՝ իր վայրի հապալասի, սև ալոճի և ծորենիի մուրաբաներով։
Հիմնադրամը այս ամենով չի բավարարվել և 2016 թվականից սկսել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բերդ բերրի» էկոկենտրոնի կառուցումը, որն իր հերթին գյուղական տուրիզմին զարգացնող առաջին բազմաֆունկցիոնալ կենտրոն է լինելու։
Այսօր էկոկենտրոնի կառուցման աշխատանքները ներկայացնող միջոցառման ժամանակ հիմնադրամի ղեկավար Անահիտ Բադալյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց. «Սկսել ենք ֆոնդհայթայթման արշավ էկոկենտրոնի կառուցման համար, որը բավականին հաջող է ընթացել։ Մեզ օգնել են մեր գործընկեր կազմակերպությունները՝ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի գլխավորությամբ, որի կողմից էլ հենց սկսվել է այս նախաձեռնությունը։ Էկոկենտրոնն ունենալու է հատապտղային մուրաբաների, ձեռագործ խաղալիքների արտադրություն։ Սրանից բացի՝ այն ունենալու է նաև փորձի փոխանակման կենտրոն՝ սահմանամերձ մյուս համայնքների կանանց համար, որոնք որ հետաքրքրված կլինեն նման նախաձեռնություններով։ Էկոկենտրոնում լինելու է նաև հյուրատուն՝ առանձնահատուկ ճաշացանկով և ժամանցի պայմաններով»։
Ինչ վերաբերում է հատապտղային մուրաբաների արտադրությանը, հիմնադրամի ղեկավարն ասաց, որ այն փորձնականից արդեն դարձել է սերտիֆիկացված և աշխատանքով կապահովի մոտ 40 կնոջ։
«Բերդ բերրի»-ն նպատակն է հատապտղային այգիների ծավալը մեծացնել և այն տեսակները, որոնք Հայաստանում վտանգված են՝ մշակության մեջ դնել։
Անդրադառնալով Բերդի ֆիրմային արջուկներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ նրանց պահանջարկը գնալով մեծանում է. «Պատվերներ ենք ստանում Գերմանիայից, Շվեդիայից, Նոր Զելանդիայից, Կանադայից, ԱՄՆ-ից»։
Հատկանշական է նաև այն, որ Գերմանիայից հատուկ պատվերներ կան փոքրիկ խաղալիքների, որոնք տեղադրվում են այնտեղ վաճառվող «Կինդեր սյուրպրիզ» շոկոլադե ձվիկների մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը