ՔԿ. Զինծառայողի մահվան գործով ձերբակալված կա
Այսօր առավոտյան՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Կատարվում է նախաքննություն»,-ասաց նա։
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրեմսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի ՊՆ-ից այսօր հայտնեցին, որ մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: