Հրազդանի նախկին քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց։ Panorama.am-ին քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, Դանիելյանը մեղադրվում է Քրեական օերնգքրի 179 -րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Հիշեցնենք, որ այն սահմանում է. «Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ Արամ Դանիելյանը, 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ,իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով, 2015-2018թթ. ընթացքում յուրացման և վատնման եղանակով հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ 102.198.525 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Փետրվարի 26-ին Արամ Դանիելյանը ձերբակալվել է: Փետրվարի 28-ին վերջինս ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված՝ 102.198.525 դրամի վնասը և ազատվել արգելանքից:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Հրազդանի նախկին քաղաքապետը վերականգնել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ
- Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը