Միասնական եվրասիական շուկան դեռևս իրականություն չէ. Միքայել Մելքումյան
Միասնական եվրասիական շուկան դեռևս իրականություն չէ: Այս մասին այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի առաջին նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ թեև դրա մասին շատ է խոսվում, դրա վերաբերյալ կան կնքված համաձայնագրեր, բայց դեռևս չլուծված հարցեր կան, որոնք ընդունում են նաև ԵԱՏՄ հանձնաժողովում. «Կան խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարենք»։
Միքայել Մերլումյանը նշեց նաև, որ ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում միասնական սոցիալական միջավայր պետք է լինի: Ըստ նրա՝ մշակվում է համաձայնագիր, որով աշխատողների կենսաթոշակային ապահովումը կլինի հավասար պայմաններով, անկախ նրանից, թե Միության որ երկրում են նրանք աշխատել:
«Այն, որ Հայաստանից արտագաղթում են ՌԴ, ասում են, որ այնտեղ թոշակը բարձր է, կամաց-կամաց այս երկրներում դառնալու է նույն միջավայրը: Խնդիրը նրանում է, թե երբ և ինչ ձևով կհասնենք դրան: Մինչև 2023-24 թթ. համաձայնագրով նշված է, որ գնալու ենք միասնական սոցիալական մթնոլորտի ստեղծմանը, և պետք է հասկանանք՝ ինչ խնդիրներ ունի մեր օրենսդրությունը»,-հավելեց Միքայել Մելքումյանը:
Նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ում թվային տրանսֆորմացիայի ներդրման, միասնական ֆինանսական շուկայի, եվրասիական բրենդի ստեղծման, ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգի վերացման և այլ հարցերին: